top of page

ՔՊ-ում դեռ որոշում չունենք, թե ում թեկնածությունն ենք առաջադրելու խմբակցության քարտուղարի պաշտոնում. Արուսյակ Մանավազյան

  • 10 hours ago
  • 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում դեռ որոշում չկա, թե ում թեկնածությունն են առաջադրելու ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում, այս մասին Aysor.am-ին հայտնեց ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Արուսյակ Մանավազյանը:

Նա նաև նշեց, որ ՔՊ խմբակցության թեկնածուի ընտրության հարցում դեռ քննարկում էլ չեն արել:

«Որևէ որոշում չկա, որևէ պատգամավորի առաջարկ չեմ արել, որևէ մեկի անունը չեմ տվել: Առաջիկայում քննարկում կանենք, թե ում թեկնածությունն են առաջադրելու, որոշում կլինի»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ՔՊ պատգամավորի թեկնածու Ալխաս Ղազարյանի թեկնածությունն է առաջադրվելու, Մանավազյանը պատասխանեց. «Չեմ մեկնաբանում, որովհետև որոշում չկա»:

ՔՊ պատգամավորի թեկնածու Ալխաս Ղազարյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում պնդեց, որ իր՝ ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում առաջադրվելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Ընդհանրապես այդ մասին ո՛չ մտածում եմ, ո՛չ էլ առաջադրվելու եմ»,- կարճ արձագանքեց նա:

Նշենք, որ գործող կարգի համաձայն՝ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը պետք է խմբակցությանը ներկայացնի քարտուղարի իր թեկնածուին, որից հետո արդեն ՔՊ խմբակցությունը կկայացնի վերջնական որոշումը։

Հիշեցնենք՝ Aysor.am-ը հայտնել էր, որ ՔՊ պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հունիսի 25-ին նիստում էլ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:


1/2783
bottom of page