ԱՄՆ-ի հայտարարություններից հետո՝ Իրանը հանդես է եկել շոկային ուղերձով
- 23 minutes ago
- 1 min read

Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է իրականացնել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը: Այս պնդումը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սահմանափակումները չեղարկելու մասին հայտարարությունից անմիջապես հետո։
Ըստ իրանցի պաշտոնյայի՝ Վաշինգտոնի գործողությունները հակասում են դիվանագիտական պայմանավորվածություններին: Ռեզային իր սոցիալական էջում նշել է, որ ամերիկյան կողմը բանակցությունների ընթացքում ներկայացնում է չափազանցված պահանջներ, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է այլ նպատակներ հետապնդելու և երկխոսությունից հրաժարվելու մասին:
«Ինչպես կանխատեսվում էր, ԱՄՆ նախագահը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությանը։ Շարունակելով ծովային շրջափակումը և չափազանցված պահանջներ ներկայացնելով բանակցությունների ընթացքում՝ նա ավելի քան նախկինում հաստատեց, որ ինքը բանակցությունների կողմնակից չէ, այլ հետապնդում է այլ նպատակներ», - գրել է Ռեզային։
Տարածաշրջանում լարվածության ներկա փուլը սկսվել էր փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին: Չնայած ապրիլի 8-ին հայտարարված հրադադարին, Վաշինգտոնը նախաձեռնել է ծովային սահմանափակումներ, ինչին ի պատասխան Թեհրանը հատուկ կանոններ է սահմանել Հորմուզի նեղուցով տարանցման համար։




















