top of page

Ծանրամարտի ԵԱ. Մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

  • Apr 26
  • 3 min read

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 26-ին Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ: Մրցահարթակ դուրս կգան Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիո Վարազդատ Լալայանը (+110 կգ) եւ Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը (+86 կգ):

Վարազդատ Լալայանի մասնակցությամբ +110 կգ քաշային կարգի А խմբում տիտղոսի համար կպայքարի 13 ծանրորդ: Գլխավոր ֆավորիտը Վարազդատ Լալայանն է, որի նախնական հայտը երկամարտում 450 կգ է: Նրանից 30 կգ պակաս հայտ է ներկայացրել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Դանիլ Վաղացիեւը:

Վարազդատ Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր:

2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում Լալայանը գրանցել է 462 կգ արդյունք (212+250):

2023 թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցել է 467 կգ արդյունքով (215+252) եւ նվաճել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ:

2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում Լալայանը երկամարտի 467 կգ արդյունով հռչակվեց աշխարհի չեմպիոն (215+252):

2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում Լալայանը +109 կգ քաշայինների պայքարում երկամարտում 450 կգ արդյունքով դարձավ կրկնակի չեմպիոն (210+240):

Հոկտեմբերին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Լալայանը երկամարտի 461 կգ արդյունք հռչակվեց կրկնակի չեմպիոն (211+250):

Տղամարդկանց +110 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Առավոտյան մրցահերթում մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը:

Կանանց +86 կգ քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 11 ծանրորդ: Տաթեւ Հակոբյանի նախնական հայտը երկամարտում 245  կգ է: Այս քաշում ֆավորիտը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմբելն է: Նրա հայտը 275 կգ է: Նրանից 15 կգ պակաս հայտ է ներկայացրել նորվեգացի Սոլֆրիդ Կոանդան:

Տաթեւ Հակոբյանը կմասնակցի իր կարիերայի վերջին մրցմանը: 30-ամյա ծանրորդը կավարտի կարիերան:

Տաթեւ Հակոբյանը 2013 թ. Եվրոպայի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր է, 2017 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն: 2019 թ. Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում 4-րդն էր, նույն տարվա աշխարհի առաջնությունում՝ 10-րդ-ը: 2021 թ. աշխարհի առաջնությունում Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով 5-րդն էր: 2022 թ. Եվրոպայի առաջնությունում ձախողելուց հետո, 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը 76 կգ քաշային կարգում երկամարտի 226 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (104+122): Նույն տարում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված աշխարհի առաջնությունում Հակոբյանը 87 կգ քաշայինների պայքարում երկամարտի 237 կգ-ով գրավեց 5-րդ տեղը (105+132):

Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր է:

Կանանց +86 կգ քաշային կարգի մրցումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 11:00-ին:

Հայաստանի առաջին մեդալը Բաթումիում նվաճել է Գառնիկ Չոլակյանը: 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Երկամարտում նա հավաքեց 274 կգ (124+150):  71 կգ քաշային կարգում երկամարտի 330 կգ արդյունքով փոխչեմպիոն է հռչակվել Գոռ Սահակյանը (150+180): 79 կգ քաշայինների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (152+186):  Կանանց հավաքականից Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) երկամարտի 210 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ (91+119), Աննա Ամրոյանը (77 կգ) հրում վարժությունում 136 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել եւ երիտասարդների ռեկորդ սահմանել: Ապրիլի 24-ին Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Էմմա Պողոսյանը (86 կգ): Երկամարտում նա հավաքել է 248 կգ արդյունք (107+141): Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Արա Աղանյանը (94): Երկամարտում նա գրանցել է 381 կգ արդյունք (175+206)։ Ապրիլի 25-ին տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 415 կգ արդյունքով երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը (189+226):

Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

1/2685
bottom of page