«Նախընտրական պոպուլիզմ»․ Մեսրոպ Առաքելյանի գնահատականը՝ թոշակների բարձրացմանը
- 18 hours ago
- 2 min read

Ապրիլի 1-ից Հայաստանում նախատեսվում է թոշակների բարձրացում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, իսկ ավելի բարձր թոշակները՝ ավելի քիչ։ Վարչապետը նաև ընդգծել է, որ հաշվարկներում հետվճար չի ներառվում։
Aysor.am-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, թե թոշակների բարձրացումը «հերթական նախընտրական պոպուլիստական քայլն է»։
«Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր վարկանիշն օր-օրի ընկնում է նաև իր համար ցանկալի թոշակառուների հատվածում։ Վերջին ամիսներին պարգևավճարների թեման և դրա նկատմամբ իրենց լկտի պահվածքը՝ «լավ ենք անում, ստանում ենք», բավականին խիստ արձագանք է ունեցել թե՛ թոշակառուների, թե՛ հանրության մյուս շերտերի կողմից»,- նշեց նա։
Ըստ Առաքելյանի՝ բյուջետային տարվա ընթացքում թոշակների բարձրացումը սովորաբար նախատեսվում է բյուջեի հաստատման շրջանակում, քանի որ պահանջում է լուրջ ֆինանսական հաշվարկներ։ Նրա գնահատմամբ՝ տարվա մեկնարկից ընդամենը մեկ-մեկուկես ամիս անց նման փոփոխություն նախաձեռնելը «ոչ ֆինանսական, ոչ կառավարչական տրամաբանություն չունի»։
«Չկա որևէ հիմնավորում, թե այդ գումարը որտեղից է գալու։ Ստացվում է՝ տարվա մեկնարկից մեկ ամիս անց կանխատեսում են, որ իբր ավելի շատ բյուջետային մուտքեր են ունենալու»,-ասաց նա՝ կրկնելով, որ սա միանշանակ պոպուլիստական քայլ է։
Այդուամենայնիվ, ընդդիմադիր գործիչը նշեց, որ քաղաքական գնահատականից անկախ՝ թոշակների բարձրացումը թոշակառուների համար դրական է, քանի որ նրանք ունեն լուրջ ֆինանսական խնդիրներ։ Սակայն, նրա խոսքով, վարչապետի վարքագիծը պայմանավորված է բացառապես իշխանությունը պահպանելու նպատակով։
Առաքելյանի կարծիքով՝ գործող իշխանության վերարտադրության պարագայում քաղաքացիները երկարաժամկետ դրական փոփոխություններ չեն տեսնի, իսկ որոշ նախաձեռնություններ կարող են առաջացնել նոր խնդիրներ՝ օրինակ բերելով առողջապահական ապահովագրության ներդրման գործընթացը։
«Հինգ տարի ոչինչ չանելուց հետո հիմա նման քայլ իրականացնելը խոսում է այն մասին, որ իրենք հասկանում են՝ իրենց գործերը վատ են»,- ընդգծեց Առաքելյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է իշխանափոխություն՝ ժողովրդի կամքով։
Անդրադառնալով սոցիալական քաղաքականությանը՝ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նվազագույն թոշակը պետք է հավասար լինի սպառողական զամբյուղի չափին՝ առնվազն 80 հազար դրամ։
«Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ Հայաստանում իրական թոշակների բարձրացում է տեղի ունեցել»։




















