«Կկիրառվեն աջակցության նույն միջոցները, որոնք նախատեսված են Ռուսաստանի ձեռնարկատերերի համար»․ Wildberries-ը կփոխհատուցի տուժած հայ վաճառողներին
- 1 hour ago
- 2 min read

«Wildberries» ընկերությունը հայտնում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման մասին։ Հանդիպմանը քննարկվել է Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքներին ուկրաինական անօդաչուների հասցրած հարվածների հետևանքով նաև հայ վաճառողների կրած վնասի փոխհատուցման հարցը։ Ընկերության հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․
«2026 թվականի հուլիսի 30-ին «Wildberries»-ի ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանի և Լիլյա Սիրականյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման, ձեռնարկատերերի աջակցության, լոգիստիկ գործընթացների կատարելագործման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության հետագա ուղղություններին առնչվող հարցեր։
«Wildberries»-ի ներկայացուցիչները նշել են Հայաստանի կարևոր դերը՝ որպես տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարային շուկաներից մեկի։ Ընկերությունը շարունակում է հետևողականորեն զարգացնել իր էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով նոր հնարավորություններ հայ ձեռնարկատերերի համար և ընդլայնելով տեղական վաճառողների հասանելիությունը նոր շուկաներին։
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել այն վաճառողների աջակցության հարցերին, որոնց ապրանքները տուժել են «Wildberries»-ի լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով։ Կողմերը քննարկել են հետևանքների գնահատման ընթացիկ գործընթացը, ձեռնարկատերերի հետ փոխգործակցությունը, ինչպես նաև առաջացած հարցերի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։
«Wildberries»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունն արդեն սկսել է իրականացնել առաջին վճարումները այն վաճառողներին, որոնց ապրանքները տուժել են նշված իրադարձությունների հետևանքով։ Հետևանքների գնահատման ավարտից հետո կսահմանվեն հետագա աշխատանքային մեխանիզմները և հաջորդ որոշումների իրականացման կարգը։
Հանդիպման մասնակիցները առանձին անդրադարձել են նաև լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, առևտրային գործընթացների արդյունավետության բարձրացման և հարթակում ձեռնարկատերերի գործունեության համար կայուն պայմանների ձևավորման հարցերին։ Քննարկվել է նաև թվային հարթակների դերը փոքր և միջին բիզնեսի զարգացման, արտադրողների և վաճառողների հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև հայկական բիզնեսի դիրքերի ամրապնդման գործում արտաքին շուկաներում։
«Wildberries»-ի էկոհամակարգի դեպարտամենտի տնօրեն Եվգենի Էտինը նշել է.
«Մեզ համար կարևոր է պահպանել մշտական երկխոսություն պետական մարմինների հետ և համատեղ աշխատել այնպիսի լուծումների ուղղությամբ, որոնք կօգնեն ձեռնարկատերերին զարգանալ և հարմարվել նոր պայմաններին։ Հայաստանը Wildberries-ի համար կարևոր շուկա է, և մենք շահագրգռված ենք երկրում հարթակի հետագա զարգացմամբ, տեղական վաճառողների աջակցությամբ և տարածաշրջանի տնտեսության մեջ էլեկտրոնային առևտրի դերի ամրապնդմամբ։
Մեր ընկերությունը չի տարբերակում վաճառողներին՝ մեր գործընկերներին, ըստ նրանց քաղաքացիական պատկանելիության։ Հայ վաճառողների նկատմամբ կկիրառվեն աջակցության նույն միջոցները, որոնք նախատեսված են Ռուսաստանի այն ձեռնարկատերերի համար, որոնց ապրանքները տուժել են Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքի վրա իրականացված հարձակումների հետևանքով»։
Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր համագործակցությունը՝ էլեկտրոնային առևտրի զարգացման, ձեռնարկատերերի աջակցության և Հայաստանում բիզնեսի գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ»։




















