Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը․ Նիկոլ Փաշինյան
- Ani

- 1 hour ago
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների հետ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է հասարակական խորհրդի գործունեությունը՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը։ Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և համոզմունք հայտնել, որ խորհրդի անդամներին հուզող բազմաթիվ հարցեր կքննարկվեն, ինչը կնպաստի նաև խնդիրների լուծմանը։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Դրանք վերաբերել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում առկա խնդիրներին, Կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին, զբոսաշրջության զարգացմանը, օդի աղտոտվածության խնդրին, քրեական ենթամշակույթի և հանցավորության դեմ պայքարին, պետություն–քաղաքացի հարաբերություններին և այլ թեմաների։
Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը նշել է․ «Պետություն-քաղաքացի հարաբերությունն, իմ պատկերացմամբ, հետևյալն է․ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Հարց է ծագում, իսկ ինչպե՞ս պետք է պետությունն ուժեղացնի մարդուն․ դրա համար կա երեք գործիք․ առաջինը՝ կրթությունն է, երկրորդը՝ կրթությունն է, երրորդը՝ կրթությունն է։ Այսինքն, ես համոզված եմ, որ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն»։




















