Եպիսկոպոսաց հավաքին մասնակցում է նաև տիրադավների շարքը համալրած Հովնան Տերտերյանը
- 3 hours ago
- 1 min read

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքներն է սկսել Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։
Հայաստանից Եպիսկոպոսաց հավաքին հաջողվել է գնալ միայն Դանիել ու Արարատ Սրբազաններին, մյուս Սրբազան Հայրերն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շրջանակներում քրեական հետապնդման են ենթարկվել, ունեն մեղադրյալի կարգավիճակ և նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Եպիսկոպոսաց հավաքին մասնակցում է նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավների շարքը համալրած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Եպիսկոպոսաց հավաքին մասնակցելու հրավեր էր ուղարկվել մյուս տիրադավներին ևս, նրանցից, սակայն, միայն Հովնան Տերտերյանն էր հաստատել իր մասնակցության մասին։
Եպիսկոպոսաց հավաքը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը։
Եկեղեցու դեմ արշավ հայտարարած իշխանությունները ուղիներ փնտրեցին, որ եպիսկոպոսներին թույլ չտան մեկնել Հայաստանից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։
«Ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Մենք դա թույլ չենք տալու»,- սպառնացել էր նա։
Փաշինյանի այս հայտարարությունից մեկ օր անց Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ։ Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը. ժողովը դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ եպիսկոպոսները քննարկելու են զանազան հարցեր։




















