Սքոթ Բեսենթ․ ԱՄՆ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ համագործակցության՝ Ռուսաստանի տնտեսությունը փլուզելու նպատակով
- Ani
- 1 day ago
- 1 min read

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կիրակի օրն ակնարկել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել եվրոպական երկրների հետ՝ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու նպատակով այն երկրների դեմ, որոնք շարունակում են ռուսական նավթ գնել՝ փորձելով «փլուզել» Ռուսաստանի տնտեսությունը։ Նա նաև հերքել է մտահոգությունները, թե ԱՄՆ-ն ռեցեսիայի փուլ է մտնում։
«Մենք պատրաստ ենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, բայց մեզ անհրաժեշտ է, որ մեր եվրոպացի գործընկերները հետևեն մեզ,— ասել է Բեսենթը NBC News-ին տված հարցազրույցում։— Այժմ մենք մասնակցում ենք մի մրցավազքի՝ տեսնելու, թե որքան կկարողանան դիմանալ ուկրաինացի զինվորականները և որքան կդիմանա Ռուսաստանի տնտեսությունը։ Եթե ԱՄՆ-ը և [Եվրոպական միությունը] կարողանան միջամտել, կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ ու մաքսատուրքեր այն երկրների դեմ, որոնք շարունակում են ռուսական նավթ գնել, Ռուսաստանի տնտեսությունը կկանգնի լիակատար կոլապսի առաջ, ինչը կստիպի [Ռուսաստանի] նախագահ [Վլադիմիր] Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»։
Անցած ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 50 տոկոս մաքսատուրք է սահմանել Հնդկաստանի նկատմամբ՝ հիմնավորելով դա ռուսական նավթի շարունակական գնումներով՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին։
Բեսենթի մեկնաբանությունները հնչել են ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ռուսաստանը իրականացրել է պատերազմի ընթացքում ամենախոշոր օդային հարվածը, որի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, իսկ Կիևում հրդեհվել է կառավարական շենքը։