Ֆրանսիացի քննիչները վճռականորեն շարունակում են Լուվրից գողացված կայսերական թանկարժեք իրերի որոնումը
- Jan 17
- 1 min read

Ֆրանսիացի քննիչները վճռականորեն շարունակում են Լուվրից հոկտեմբերին գողացված կայսերական թանկարժեք իրերի որոնումը, AFP գործակալությանը տեղեկացրել է Փարիզի գլխավոր դատախազ Լոր Բեքուան։
Ոստիկանությունը կարծում է, որ ձերբակալել է հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած հանդուգն կողոպուտը կատարած բոլոր չորս գողերին, որոնք մոտ 102 միլիոն դոլարի զարդեր էին գողացել աշխարհահռչակ թանգարանից։
«Հարցաքննությունները որեւէ նոր քննչական տարրեր չեն բացահայտել»,- ասել է Բեքուան այս շաբաթ՝ օրը ցերեկով կատարված կողոպուտից գրեթե երեք ամիս անց։ «Սակայն գործը շարունակում է առաջնահերթ լինել»,- ընդգծել է նա։ «Մեր հիմնական նպատակը մնում է զարդերը վերադարձնելը»,- ասել է նա։
Բեքուան նշել է, որ քննիչները կանխակալ վերաբերմունք չունեն այն հարցում, թե որտեղ կարող է գտնվել գողոնը։
«Մենք որեւէ ազդանշան չունենք, որ թանկարժեք քարերը, հավանաբար, հատել են սահմանը»,- ասել է նա, բայց եւ ավելացրել. «Ամեն ինչ հնարավոր է»։
Նրա խոսքով՝ դետեկտիվները օգտվել են «արվեստի աշխարհի, այդ թվում՝ միջազգային» միջնորդների հետ շփումներից։
«Նրանք ունեն գողացված ապրանքների ցանցերի մասին նախազգուշացնող նշաններ ստանալու եղանակներ, այդ թվում՝ արտասահմանում»,- ասել է Բեքուան։ Ինչ վերաբերում է յուրաքանչյուրին, ով պնդում է, որ կհանձնի թանկարժեք քարերը, դա կհամարվի «զղջման ակտ, որը կարող է հաշվի առնվել» ավելի ուշ՝ դատավարության ընթացքում, ասել է նա։
Քննիչները դեռեւս պատկերացում չունեն, թե արդյոք որեւէ մեկը եղել է գպատվիրատուն։
«Սա քննարկվող վարկած է, բայց այն չի կարող համարվել ավելի հավաստի, քան որեւէ այլ վարկած։ Մենք մերժում ենք ցանկացած կանխակալ կարծիք այն մասին, թե ինչը կարող էր դրդել ներգրավված անձանց կատարել այս գողությունը»,- ասել է Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր դատախազը։ Սակայն, նրա խոսքով, դետեկտիվներն ու քննչական դատավորները վճռական են տրամադրված։
«Մենք դեռ մեր վերջնական խոսքը չենք ասել։ Կպահանջվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է նա։




















