top of page

Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան

  • 1 minute ago
  • 1 min read

79 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ՈւՀԱ (КВН) հաղորդաշարի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան։ Նրա մահվան մասին հայտնել է ՈւՀԱ միջազգային միության մամուլի ծառայությունը։

«Կյանքից հեռացել է մի մեծ կին ռեժիսոր, որի անունը դարձել էր ՈւՀԱ-ի խորհրդանիշը»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ։

Սվետլանա Մասլյակովան մասնագիտական կյանքի մեծ մասը նվիրել է ՈւՀԱ-ին։ Նա ակումբի ժամանակակից պատմության ստեղծողներից մեկն էր, երկար տարիներ աշխատել է որպես հեռուստատեսային խաղերի ռեժիսոր և իր ամուսնու՝ ՈւՀԱ-ի բազմամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովի հետ մասնակցել է հաղորդումների պատրաստմանը։

Սվետլանա Մասլյակովան 1966 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, սկսել է աշխատել Կենտրոնական հեռուստատեսությունում որպես ռեժիսորի օգնական։ 1971 թվականին նա ամուսնացել է Ալեքսանդր Մասլյակովի հետ, իսկ հետագայում դարձել է ՈւՀԱ-ի ռեժիսորը՝ զգալի ավանդ ներդնելով նախագծի զարգացման գործում։

ՈւՀԱ միջազգային միությունում նշել են, որ Սվետլանա Մասլյակովան ոչ միայն հսկայական ավանդ է ներդնել հեռուստանախագծի զարգացման գործում, այլև դարձել է ակումբի մասնակիցների բազում սերունդների դաստիարակն ու ուղեցույցը՝ անփոփոխ կերպով աջակցելով երիտասարդ ՈւՀԱ-ականներին։

Ամուսինները 1980 թվականին ունեցել են որդի՝ Ալեքսանդր Մասլյակով կրտսերը, որը հետագայում դարձել է «ՈւՀԱ մոլորակ» (Планета КВН) հաղորդաշարի և ՈւՀԱ Պրեմիեր լիգայի հաղորդավարը: 2025 թվականին հեռուստատեսային դինաստիան շարունակել է թոռնուհին՝ Տաիսիա Մասլյակովան, որն իր դեբյուտը նշել է որպես Մանկական ՈւՀԱ-ի հաղորդավարուհի:

Ալեքսանդր Մասլյակովը՝ ՈւՀԱ-ի անփոխարինելի հաղորդավարը և Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչը, կյանքից հեռացել էր 2024 թվականին՝ 82 տարեկան հասակում։ Դրանից կարճ ժամանակ առաջ ՈւՀԱ խաղերի պաշտոնական արտադրող АМиК հեռուստաընկերության իրավունքները փոխանցվել էին որդուն՝ Ալեքսանդրին։

1/2799
bottom of page