Դավիթ Սանասարյանից ներողություն չե՞ք խնդրելու, սուտ ցուցմունք էիք տվել նրա դեմ. հարց՝ Արսեն Թորոսյանին
- Feb 26
- 1 min read

«Ես որևէ մեկին մեղադրանք չեմ առաջադրել: Ո՛չ Արսեն Թորոսյանը, ո՛չ որևէ ցուցմունք տվող անձ, այդտեղ որևէ լիազորություն չունի, և իրավապահ մարմիններն են որոշում այս կամ այն անձին մեղադրանք առաջադրե՞ն, թե՞ չառաջադրեն, դատարանն էլ որոշում է՝ արդարացնե՞լ, թե՞ մեղավոր ճանաչել։
Եվ դատարանի վճիռը բոլորիս համար, ըստ էության, վերջնական ակտ է և այդքանով պետք է սահմանափակվենք», - Կառավարության նիստից հետո ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, որ 7 տարվա դատական գործընթացից հետո ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվել է, արդյո՞ք չի պատրաստվում հրապարակավ ներողություն խնդրել նրանից:
Դիտարկմանը, որ, փաստորեն, իր տեղեկությունները սուտ են եղել, Թորոսյանն արձագանքեց. «Ես չեմ շարունակում, որովհետև դուք ընդհատեցիք ինձ։ Ձեր տեղեկություններն են սուտ, իմ ոչ մի տեղեկություն սուտ չի եղել»։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Մասնավորապես, Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Օրեր առաջ դատարանը հրապարակել է Դավիթ Սանասարյանի գործով արդարացման վճիռը:


















