Սա մի երեկո էր, որը ցույց տվեց՝ երբ երկրպագուները մեզ հետ են, մենք հիանալի թիմ ենք. Արբելոա
- Ani

- 2 hours ago
- 3 min read

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 7-րդ տուրում «Մոնակոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Մարզիչը գովեստի խոսքեր է շռայլել Վինիսիուս Ժունիորին, խոսել թիմային ոգու, մարտավարական փոփոխությունների և Չեմպիոնների լիգայում հաղթելու շանսերի մասին։
«Բերնաբեուի» աջակցության մասին
«Սա մի երեկո էր, որը ցույց տվեց՝ երբ «Բերնաբեուն» թիմի կողքին է, «Ռեալն» ավելի լավն է դառնում։ Երբ երկրպագուները մեզ հետ են, մենք հիանալի թիմ ենք, և նման մեծ խաղերում կարևոր չէ, թե ովքեր են խաղադաշտում։ Մեզ միավորողը միշտ եղել է հանդիսատեսը։ Մեզ պետք է, որ «Բերնաբեուն» լինի մեր կողմից։ Գիտենք, որ պահանջները մեծ են, և մենք պետք է լինենք առաջինը, ով կնվիրվի խաղին, ծանր կաշխատի և կփայլի։ Ես շատ ուրախ եմ թե՛ երկրպագուների, թե՛ ֆուտբոլիստների համար. սա հիանալի երեկո էր բոլորի համար»։
«Տեսա, թե որքան նվիրված էր «Բերնաբեուն» Վինիին, Կիլիանին, Ջուդին և մյուսներին։ Տղաները հսկայական ջանքեր գործադրեցին՝ ոչ միայն գոլերով ու գեղեցիկ խաղով, այլև սևագործ աշխատանքով։ Բելինգեմի վազքի ծավալն ուղղակի անհավանական էր։
Ֆրանկոն, Արդան, երիտասարդները… Ֆեդեն և Կամավինգան խաղացին ոչ իրենց հարազատ դիրքերում, բայց մեծ նվիրումով։ Որպես մարզիչ՝ ես երջանիկ եմ, որ նրանք թիմային շահը վեր դասեցին անձնականից։ Մեզ հենց դա է պետք՝ նվիրված թիմ։ Ուրախ եմ նաև փոխարինման դուրս եկածների՝ Դանիի վերադարձի, Ֆրանի և Մեսոյի նորամուտի համար»։
Գովեստի խոսքեր Վինիսիուս Ժունիորին
«Վինին անկասելի է, երբ այս մարզադաշտը նրա կողքին է. նա ամենավտանգավոր խաղացողն է։ Եթե ուզում ենք պայքարել բոլոր տիտղոսների համար, մեզ պետք է Վինին։ Նա արժանի է այս ծափահարություններին և թիմակիցների գրկախառնությանը։ Նրա գրկախառնությունն ինձ հետ ուղղված էր ոչ թե մարզչին, այլ ողջ մադրիդիզմին՝ բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն դժվար պահերին։
Ինձ պետք է, որ նա լինի 100 տոկոսով պատրաստ, երջանիկ և կենտրոնացած իր խաղի վրա։ Նա գիտի, որ ես լիովին վստահում եմ իրեն, և նա ունի ազատություն՝ ցուցադրելու իր ողջ կախարդանքը։ Այսօր երկրպագուները վանկարկում էին նրա անունը նույնիսկ այն դրվագում, երբ նա քիչ էր մնում գոլ խփեր։ Նա պետք է զգա, որ սիրված է։ «Բերնաբեուի» հանդիսատեսն արդար է. նրանք գնահատեցին խաղացողների ջանքը, մենթալիտետն ու զոհաբերությունը»։
Մարզչական աշխատանքի և ֆավորիտ լինելու մասին
«Կարծում եմ՝ եթե ես հանդերձարանից դուրս գայի և նստեի աջ կողմի պահեստայինների նստարանին, արդյունքը նույնը կլիներ։ Սա խաղացողների հաղթանակն է՝ նրանց տաղանդի, ցանկության և բնավորության շնորհիվ։ «Ռեալ Մադրիդը» վեր է տակտիկական կոնցեպտներից, այն առաջին հերթին բնավորություն է, ամբիցիա և ջանք։
Արդյո՞ք ֆավորիտ ենք Չեմպիոնների լիգայում: «Ռեալը» միշտ ֆավորիտ է ամենուր։ Սա իր մրցաշարն է։ Կան հիանալի թիմեր, բայց սա «Ռեալն» է, և այստեղ մենք միշտ ֆավորիտ ենք»։
Կամավինգայի դիրքի և հարձակվողների մասին
«Էդուարդոն հիանալի ֆուտբոլիստ է։ Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում։ Եզրային պաշտպանի դիրքում նա գնդակով իրեն ավելի հարմարավետ է զգում, քան սովորական պաշտպանը, իսկ պաշտպանվելիս ունի բացառիկ ֆիզիկական տվյալներ։ Շնորհակալ եմ նրան և Ֆեդեին՝ թիմի համար զոհաբերության գնալու համար։
Ինչ վերաբերում է հարձակվողներին՝ Վինին և Կիլիանը հիանալի աշխատանք են կատարում։ Ես չեմ ուզում, որ նրանք իջնեն մինչև սեփական տուգանային՝ եզրային պաշտպանների հետևից։ Ուզում եմ, որ նրանք թարմ լինեն գրոհելիս և տարբերություն ստեղծեն, ինչպես արեցին այսօր»։
Զիդանի հետ համեմատության մասին
«Այն, ինչ արեց Զիդանը, բացառիկ էր և դժվար կրկնելի՝ ոչ միայն «Ռեալի» համար։ Այն ժամանակ կատարվածը պատմական էր։ Մենք այս տարի պայքարելու ենք ամեն ինչի համար։ Լիգայում դժվարին խաղ ունենք «Վիլյառեալի» դեմ, բայց «Բարսելոնայի» սայթաքումից հետո մի փոքր ավելի մոտ ենք։ Ես չեմ հավատում զուգադիպություններին, հավատում եմ միայն աշխատանքին և ոգևորությանը»։
Բրահիմի վերադարձը
«Նա բացառիկ մրցաշար անցկացրեց։ Եթե Մարոկկոն հասավ եզրափակիչ, դրանում մեծ է նրա ներդրումը։ Անհամբեր սպասում եմ նրան դիմավորելուն և գրկելուն։ Վաղը մենք հանգստանում ենք, իսկ հինգշաբթի նա կմիանա մեզ մարզմանը»։




















