Եպիսկոպոսները պնդում են, թե փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը, իսկ ՔԿ-ն գրավոր հարցում է ուզում, որ պատասխանի հարցին
- Ani

- 4 minutes ago
- 1 min read

Այսօր տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում են, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։
Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։
Aysor.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք հավաստի է եպիսկոպոսների տարածած հայտարարության տեքստը։ ՔԿ մամուլի խոսնակը խնդրեց, որ գրավոր հարցում ուղարկենք։
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև հայտարարության տակ ստորագրած հոգևորականներից, սակայն նրանցից և ոչ մեկ հեռախոսազանգերին չարձագանքեց։
Հիշեցնենք՝ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր։ Արշակ Սրբազանն արձագանքել էր տարածված տեսանյութերին՝ հայտարարելով. «Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը»։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արշակ Սրբազանն իրեն վերագրվող տեսանյութի գործով ցուցմունք է տվել, Սրբազանը տուժող չի ճանաչվել։
Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է՝ Արշակ Սրբազանն ասել է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար, այդտեղ առկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում։ Սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից՝ իր և եկեղեցու նկատմամբ թշնամանք և ատելություն տարածելուց։




















