top of page

Պահքը հենց այն ժամանակն է, երբ նյութականը զիջում է հոգևորին, իսկ աղմուկը՝ աղոթքին. Տեր Աբրահամ

  • 14 hours ago
  • 1 min read

Պահքը հենց այն ժամանակն է, երբ նյութականը զիջում է հոգևորին, իսկ աղմուկը՝ աղոթքին, այս մասին նշում է Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը։

Տեր Հոր խոսքով՝ հոգով ընթանալն այսօր նախևառաջ գիտակցված ընտրություն է՝ վեր կանգնելու մեր մարմնավոր ու ժամանակավոր մղումներից։

««Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունները մի՛ կատարեք...» (Գաղատացիներ 5:16-17)։

​Պողոս Առաքյալի այս պատգամը Մեծ Պահքի շրջանում մեզ հրավիրում է մի խորունկ ներհայեցողության՝ հասկանալու համար մեր ներսում ընթացող այն հավերժական պայքարը, որտեղ մարդկային բնությունը երկփեղկված է երկրայինի ու երկնայինի միջև։ Հոգով ընթանալն այսօր նախևառաջ գիտակցված ընտրություն է՝ վեր կանգնելու մեր մարմնավոր ու ժամանակավոր մղումներից։ Դա նշանակում է ընտրել ներումը հենց այն պահին, երբ մարմինը պահանջում է վրեժ, ընտրել անսահման սերը, երբ շուրջն անտարբերություն է, և ընտրել ներքին խաղաղությունը նույնիսկ այն ժամանակ, երբ հոգուդ մեջ փոթորիկ է։ Մարմինը մշտապես ձգտում է դեպի տեսանելին ու ժամանակավորը, մինչդեռ Հոգին տենչում է անտեսանելին ու աստվածայինը։ Պահքը հենց այն ժամանակն է, երբ նյութականը զիջում է հոգևորին, իսկ աղմուկը՝ աղոթքին։

Թող պահոց այս օրերին մեր հոգևոր տեսողությունը բացվի, որպեսզի տեսնենք այն գեղեցկությունը, որը չի հնանում, և այն հարստությունը, որը չի սպառվում։ Ընթանանք հոգով, որտեղ յուրաքանչյուր քայլ մեզ տանում է դեպի ներքին անդորր և դեպի Աստված»,- հավելել է Տեր Աբրահամը։


1/2578
bottom of page