Կարմիրսարի հանքը չպետք է շահագործվի, շատ բնակիչներ հանքի բացվելուց հետո մեծ կորուստներ են ունենալու. Բնապահպան
Կարմիրսարը գտնվում է Արարատի մարզի Արտաշատ և Վեդի համայնքների տարածքում։ Սարի կրաքարային պաշարների նկատմամբ հետաքրքրություններ ունեն մի քանի ընկերություններ։ Դրանցից մեկի՝ «Օրդ Գրուպի» քարի կորզման հայտն ամենամոտն է շահագործման թույլտվություն ստանալուն։ Ընկերությունն անցել է չորս հանրային լսումներ և ստացել Վեդիի համայնքապետարանի թույլտվությունը։
Տեղական իշխանությունները պահանջել են, որ շահագործողն իր շահույթի 10 տոկոսը տա համայնքին, հանքի աշխատատեղերի 70 տոկոսը՝ տեղի բնակիչներին։ Ընկերությունը համաձայնել է։
Այսօր տեղի է ունեցել հանքի շահագործման ազդեցության վերաբերյալ 4-րդ քննարկումը: Բնապահպանները դեմ են հանքի շահագործմանը:
«Մենք հետամուտ ենք լինելու, որ հանրային լսումները համարվեն անօրինական, հետամուտ ենք լինելու, որ հանքը չբացվի: Պետք է պատժվեն այդ մարդիկ: Իրենք հանրային լսումներ են կազմակերպել՝ առանց հանրության»,-լրագրողենրի հետ զրույցում ասաց բնապահպաններից մեկը:
«Կառավարությունը չի սատարում ժողովրդին՝ ո՛չ նախկինում, ո՛չ էլ՝ հիմազ։ Իրենց հետաքրքրում են իրենց շահերը: Այս ամենի հետևում անհատներ են կանգնած, որոնց միայն իրենց գրպանի պարունակությունն է հետաքրքրում: Նրանց չի հետաքրքրում, որ մարդկանց առողջությունն են վնասում: Ես այնտեղ չեմ ապրում, բնակվում եմ Երևանում, բայց դա ինձ անհանգստացնում է: Ես վստահ եմ, որ ոչ մի նորմ չի պահպանվելու, շատ բնակիչներ հանքի բացվելուց հետո մեծ կորուստներ են ունենալու»,-նշեց մյուս բնապահպանը: