top of page

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

  • 4 hours ago
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Մի կողմից՝ պետական հաստատություններում Արցախի հիշատակումը, խորհրդանիշների ցուցադրումը կամ նրա մշակութային ժառանգության ներկայացումը դառնում են ճնշումների, անգամ պաշտոնանկությունների պատճառ, մյուս կողմից՝ նույն պետությունը պետական միջոցներով շարունակում է ֆինանսավորել Արցախի մշակույթի պահպանման ծրագրերը։

Սա պարզապես հակասություն չէ, այլ պետական քաղաքականության երկակիության հերթական դրսևորումն է։

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում շարունակում է գերակշռել այն մոտեցումը, ըստ որի՝ պետական հիմնարկներում պետք է բացառվեն Արցախի պետականությանն ու խորհրդանիշներին առնչվող ցանկացած դրսևորումներ։ Սակայն պետական փաստաթղթերը բոլորովին այլ պատկեր են արձանագրում։

Վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք աղմկահարույց դեպքերն այդ հակասության ամենախոսուն օրինակներն են։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության շուրջ հանրային քննարկումների պատճառներից մեկը դարձավ այն, որ նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել էր Արցախի մասին գիրք։ Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ հրաժարվել էր դպրոցից հեռացնել Արցախի դրոշը։ Իսկ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդեսի ժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տաղավարից հեռացրեց աշակերտի պատրաստած Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» («Տատիկ-պապիկ») հուշակոթողի ձեռագործ աշխատանքը։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետական հաստատություններում Արցախի դրոշի, Արցախի պետականության կամ դրան առնչվող խորհրդանիշների ներկայացումը չի համապատասխանում պետության որդեգրած քաղաքականությանը։ Նրա ձևակերպմամբ՝ այլևս վերադարձ չի լինելու «Ղարաբաղյան շարժման» գաղափարախոսությանը։

1/2799
bottom of page