top of page

Ըստ ՆԳՆ-ի՝ արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը

  • 10 hours ago
  • 2 min read



ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 12-ին Փրկարար ծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ծառայության 2025 թվականի գործունեության արդյունքները:

Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կատարած աշխատանքը և նշել, որ հանրապետությունում գրանցվել է 18586 արտակարգ դեպք և պատահար: Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից փրկվել է 202 մարդու կյանք։ Արամ Ղազարյանի խոսքով՝ արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նախորդ տարվա համեմատ զոհերի և տուժածների թիվը նվազել է 59-ով։

Գրանցվել է հրդեհների 9855 դեպք, 2024 թվականի համեմատ 87-ով նվազել են փլուզման և քարաթափման դեպքերը։

Անդրադառնալով փրկարարական ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման գործընթացին՝ նա նշել է, որ անցկացվել է 282 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, վերապատրատվել է 923 փրկարարական ծառայող, 494 փրկարարի շնորհվել է որակավորման կարգ։

Արամ Ղազարյանի խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, ծրագրերի մշակման և իրականացման ուղղություններով ակտիվ քայլեր են ձեռնարկվել․ հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչությունում գրանցվել է 4103 զանգ։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ կարևոր է պահպանել արձանագրված դրական ցուցանիշները և յուրաքանչյուր տարի սահմանել նոր նշաձող՝ ծառայության արդյունավետությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար։

Արփինե Սարգսյանը նշել է, որ այս տարի պետք է կենտրոնանալ Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումների փուլային իրագործման վրա՝ գրանցելով որակական փոփոխություններ։

Նախարար Սարգսյանի խոսքով՝ հրդեհների կանխարգելման արդյունավետության բարձրացման ուղղությամբ պրոֆեսիոնալ արձագանքից բացի անհրաժեշտ է առաջացման պատճառների խորքային վերլուծություն, ինչը թույլ կտա ընթացիկ տարվա համար մշակել առավել թիրախային քաղաքականություն՝ ուղղված ինչպես մարդկային, այնպես էլ այլ գործոններով պայմանավորված հրդեհների կանխմանը։

Նախարարը հանձնարարել է կանխարգելման նոր մեթոդների կիրառման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ:

Արփինե Սարգսյանը կարևորել է հրշեջ-կամավորական ջոկատներում երիտասարդների ներգրավումն ու այդ ուղղությամբ սոցիալական և այլ երաշխիքների ներդրման անհրաժեշտությունը։

ՆԳ նախարարը ընդգծել է բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման շրջանակում պատասխանատու մարմինների հետ աշխատանքը՝ շեշտելով առավել համակարգված վերահսկողության անհրաժեշտությունը։

Արփինե Սարգսյանը կարևորել է նաև առկա կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի գնահատումը՝ հանձնարարելով ներկայացնել առաջարկներ հանրապետական նշանակություն ունեցող կամուրջների սեյսմիկ անվտանգության վերաբերյալ։

Նախարար Սարգսյանի խոսքով՝ հատկապես Փրկարար ծառայությունում վերապատրաստումները պետք է լինեն շարունակական։ Ընդգծվել է ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի գործիքակազմի շնորհիվ փաստական տվյալների վրա հիմնված իրավիճակային վերլուծության կարևորությունը, ինչը թույլ կտա մոդելավորել սցենարների վրա հիմնված վարժանքներ՝ նպաստելով ծառայողների գործնական հմտությունների կատարելագործմանը։

Աղետների ռիսկի կառավարման համատեքստում վաղ ազդարարման համակարգերի արդյունավետ գործարկման նպատակով նախարար Սարգսյանը հանձնարարել է շարունակել համայնքների հետ բացատրական աշխատանքներն ու բնակչության շրջանում շչակների ազդանշանների և վարքականոնների վերաբերյալ իրազեկումները։

Արամ Ղազարյանը շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ վստահեցրել է, որ Փրկարար ծառայությունը շարունակելու է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները։


1/2547
bottom of page