Քասախում վիճաբանության ժամանակ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում կրակոցներ են հնչել և մի տղամարդ ավտոմատը ձեռքին շրջում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մայիսի 10-ին Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վազգեն Ք․-ն հեռախոսով անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ալեքսան Մ․-ի հետ և հայհոյել վերջինիս, ապա իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով մայիսի 11-ին՝ ժամը 15։20-ի սահմաններում, Քասախ գյուղի Ռ.Սաֆարյան փողոցում հանդիպել է Ալեքսան Մ․-ին, որի ժամանակ Վազգեն Ք․-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել և այդ կերպ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, չնչին առիթն օգտագործել է և իր կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից կրակոցներ արձակելու միջոցով 15-20 րոպե տևողությամբ խուլիգանական դրդումներով խախտել է հասարակական կարգը:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Վազգեն Ք․-ին և վերջինիս կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ » տեսակի ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: