Դավիթ Համբարձումյանի գործի քննությունն ավարտվեց
- 2 hours ago
- 1 min read

Վերաքննիչ դատարանում ավարտվեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործի քննությունը, դատարանը հունիսի 25-ին կհրապարակի որոշումը։
Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է.
«Պայմանավորված այն հանգամանքով, որ գործի հայտերը մոտ 40-ն են և, ըստ էության, մոտ 3 դատական վերանայման բողոք է ներկայացված, լրացուցիչ անհրաժեշտություն կա դատարանի կողմից, որ գործի նյութերը կրկին ուսումնասիրվեն և դրանից հետո նոր միայն որոշում կայացվի։
Դատարանում այսօր արձանագրվեց, որ որպես այդպիսին՝ դատավարական որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա, պարզապես տվյալ օրը՝ հունիսի 25-ին, դատական նիստը կբացվի և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ, որից հետո կհրապարակվի որոշումը»։
Փաստաբանը ընդգծել է նաև՝ այսօր կայացած դատական նիստի ընթացքում ուսումնասիրվել է տեսագրությունը, որից ակնհայտ է՝ Դավթի Համարձումյանը ծեծկռտուքի մասնակից չէ։
Գայանե Պապոյանը հայտարարել է՝ Դավիթ Համբարձումյանն անմեղ է, ուստի արդարացման դատական ակտ պետք է կայացվի։
Հիշեցնենք՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում «ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու» և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:
ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։
2025 թվականի հոկտեմբերի 23-ին, սակայն, Դավիթ Համբարձումյանին դատապարտել էին 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ 7 տարի առաջվա այս գործով, որով դատարանում քննված ոչ մի վկա մեղադրական ցուցմունք չէր տվել Համբարձումյանի դեմ։
Համբարձումյանն այդ օրերին Հայաստանում չէր, բայց հայտարարությամբ տեղեկացրել էր․ «Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում»։
Հայտարարությունից օրեր անց նա վերադարձել էր Հայաստան. նրան կալանավորել էին ինքնաթիռի դռան մոտից։
Հունվարին դատարանը Համբարձումյանի խափանման միջոց էր սահմանել տնային կալանքը։




















