top of page

Այս օրը մեզ հիշեցնում է մի ճշմարտություն․ մարդը կարող է հեռանալ, բայց Աստված երբեք չի դադարում սպասել. Տեր Հեթում

  • 3 hours ago
  • 2 min read

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրել է.

«Այսօր Մեծ Պահքի 14-րդ օրն է, և մեր խորհրդածության նյութը Ղուկասի Ավետարանի 15.1-32 համարներն են՝ Անառակի որդու առակը։ Այս առակը ոչ միայն մեղքի ու ապաշխարության պատմություն է, այլ նաև մարդու ներքին ճանապարհի խոր փիլիսոփայությունը։

Անառակի որդին հեռանում է հոր տնից՝ կարծելով, թե ազատությունը նշանակում է անել այն, ինչ կամենում ես։ Բայց շուտով պարզվում է, որ այդ «ազատությունը» վերածվում է դատարկության, սովի ու նվաստացման։ Այստեղ բացվում է մարդու ողբերգությունը․ երբ մարդը կտրվում է իր աղբյուրից՝ Աստծուց, նա չի կորցնում միայն հավատը, այլ կորցնում է նաև ինքն իրեն։ Առակի ամենախոր պահը նրա «ինքն իր մեջ մտնելն» է․ այսինքն՝ պահը, երբ մարդը համարձակվում է նայել իր կյանքին ճշմարտության աչքերով։

Հոր կերպարը բացահայտում է աստվածային սիրո ամենախոր իմաստը։ Նա չի սպասում բացատրությունների, հաշվետվության կամ արդարացման․ նա առաջ է վազում որդուն ընդառաջ։ Սա ցույց է տալիս, որ Աստծու արդարությունը մաքուր հաշվարկ չէ, այլ սիրո արդարություն է, որը վերականգնում է մարդուն իր արժանապատվության մեջ։ Որդուն վերադարձվում է ոչ թե պարզապես տունը, այլ որդեգրության պատիվը։

Մյուս որդին՝ «արդար» թվացողը, մեզ հիշեցնում է, որ հնարավոր է լինել տանը, բայց սրտով հեռու մնալ հորից։ Նրա բողոքը բացահայտում է մարդկային մտածողությունը, որը սերը շփոթում է վաստակի հետ։ Իսկ Ավետարանը սովորեցնում է հակառակը՝ Աստծու հետ հարաբերությունը հիմնված չէ միայն օրենքի պահպանումի, այլ սիրո մեջ մնալու վրա։

Այս առակը Մեծ Պահքի ճանապարհի էությունը բացահայտող հայելի է․ պահքը միայն սննդից զսպվածություն չէ, այլ վերադարձ է Հոր տուն՝ դեպի ինքներս մեզ, դեպի մեր կորցրած կերպարը։ Անառակի կիրակին մեզ հրավիրում է չվախենալ ընդունել մեր խոցելիությունը և հավատալ, որ Աստծու գիրկը բաց է նույնիսկ այն պահին, երբ մենք մեզ անարժան ենք համարում։

Եվ այսպես, այս օրը մեզ հիշեցնում է մի ճշմարտություն․ մարդը կարող է հեռանալ, բայց Աստված երբեք չի դադարում սպասել։ Որդու վերադարձը տոն է ոչ միայն երկնքում, այլ նաև մարդու ներսում, երբ խավարը փոխվում է լույսի, իսկ օտարությունը՝ որդեգրության»։

1/2570
bottom of page