Վարորդական վկայական ստանալու գործընթացը կարտապատվիրակվի մասնավորին. Նախարարը խոսեց նոր մոդելի մասին
- Ani

- 2 hours ago
- 2 min read

Բազմաթիվ քաղաքացիներ են դիմում ինձ հաշվառման և գրանցման բաժիններում հերթերի հետ կապված։ Օրինակ, Երևանում մինչու հունիս–հուլիս ամիսներ հերթեր կան, որ տեսական թեստը հանձնած քաղաքացին կարողանա գործնական քննությունը հանձնել և վարորդական վկայական ստանալ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, ասաց. «Ես գիտեմ, որ դուք ներդրել եք նոր հնարավորություն լրացուցիչ վճարի դիմաց, բայց մարդիկ ասում են, որ առաջին քննությունը այդ շրջանակի մեջ չի»։
Ի պատասխան նախարարն ասաց. «Մենք ոչ թե նահանջ ունենք այս հարցի կարգավորման առումով, այլ հակառակը՝ ունենք առաջընթաց։ Այո, մենք ներդրել ենք հերթագրման նոր համակարգ, դրանից առաջ մենք ունեինք իրավիճակ, երբ քաղաքացուն կարող էր ընդհուպ մինչև քննության հաջորդ օրը հասցեագրված հաղորդագրություն, որ վաղը պետք է հրավիրվի քննական ստորաբաժանում և տա գործնական քննությունը։ Մենք հանել ենք այդ մոտեցումը։ Քաղաքացին այժմ կարող է ընտրել, թե որտեղ և որ օրը կարող է հանձնել քննությունը։
Այո, մենք ունենք իրավիճակ, որ Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումը բավական ծանրաբեռնված է, դրա փոխարեն մարզեր կան, որոնք չունեն նման ծանրաբեռնվածություն։ Այս պահին որոշ հաստիքներ ենք ավելացրել Երեևանի ստորաբաժանումում, ավելացվել է նաև մեքենաների թիվը, որոնքսպասարկում են գործնական քննությունները։ Նաև, օրինակ, անցած տարի մի քանի շաբաթ օրեր հայտարարվել են աշխատանքային, որ թեթեւացնենք ծանրաբեռնվածությունը։
Մեր պլանը այն է, որ այս տարվա կտրվածքով մենք համագործակցություն պետք է ծավալենք նաև մասնավոր ընկերությունների հետ և մոդելային փոփոխություն ունենանք հաշվառան քննական ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Մոդելի փոփոխման արդյունքում կունենանք ավելի բարվոք պայմաններ։ Խոսքը վերաբերում է նաև վարորդական իրավունք ստանալու բովանդակությանը, նախատեսում ենք նաև կրթական բաղադրիչի ներդնում, տեսական ու գործնական քննությունների վերաիմաստավորում»։
Թադևոս Ավետիսյանն արձագանքեց, որ ինքն անձամբ դիմել է և Երևանում հերթը հասնում է հունիսին, իսկ Վայոց Ձորում՝ ապրիլի վերջին։ «Գուցե ինչ–որ հարցեր լուծել եք, բայց խնդիրը մնացել է։ Ես անձամբ այցելել եմ ու տեսել եմ այդ կուտակումները, անկառավարելի վիճակը»,– հայտարարեփց ընդդիմադիր պատգամավորը։




















