top of page

2025-ին ԱՄՆ ռազմական գործողությունների հետևանքով 153 խաղաղ բնակիչ է զոհվել․ ԱՄՆ ՊՆ

  • 10 hours ago
  • 2 min read

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ 2025 թվականին ամերիկյան ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 153 խաղաղ բնակիչ, ևս 243-ը վիրավորվել են։ Պենտագոնի հաստատած բոլո�…

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ 2025 թվականին ամերիկյան ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 153 խաղաղ բնակիչ, ևս 243-ը վիրավորվել են։ Պենտագոնի հաստատած բոլոր զոհերն ու վիրավորները գրանցվել են Եմենում իրականացված երեք ավիահարվածների հետևանքով։ 


Կոնգրեսին ներկայացված զեկույցի համաձայն՝ զոհերը գրանցվել են Եմենի հութիների դեմ իրականացված Operation Rough Riderռազմական գործողության ընթացքում։ 2025 թվականի մարտից մայիս ԱՄՆ-ը հարվածներ էր հասցնում Եմենում հութիների հետ կապված թիրախներին՝ Կարմիր ծովում առևտրային նավերի վրա նրանց հարձակումները կանխելու նպատակով։ 


Պենտագոնի գնահատմամբ՝ ապրիլի 6-ին Սանայի մերձակայքում զոհվել է 5 խաղաղ բնակիչ, ապրիլի 17-ին Ռաս Իսա նավահանգստի մոտ՝ 80, իսկ ապրիլի 28-ին Սաադայի շրջանում՝ ևս 68 մարդ։ Գնահատականները կազմելիս ամերիկացի զինվորականները դեպքի վայրեր չեն այցելել և վկաների հետ հարցազրույցներ չեն անցկացրել․ օգտագործվել են հետախուզական տվյալներ, պատկերներ և բաց աղբյուրներում հրապարակված տեղեկություններ։ 


Միևնույն ժամանակ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի իրական թիվը կարող է ավելի բարձր լինել։ Հակամարտությունների ընթացքում քաղաքացիական կորուստները ուսումնասիրող Airwars կազմակերպությունը նախկինում հայտնել էր, որ Operation Rough Rider-ի ընթացքում կարող էր զոհվել առնվազն 258 խաղաղ բնակիչ։ Պենտագոնը նաև ուսումնասիրում էր Եմենում ևս 15 միջադեպի վերաբերյալ հաղորդումներ։ 


Նոր հաշվետվության մեջ ներառված չեն Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում նավերի դեմ ԱՄՆ հարվածների հետևանքով գրանցված զոհերը։ Այդ գործողությունները Վաշինգտոնը հիմնավորում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբավորումների դեմ պայքարով, մինչդեռ որոշ իրավաբաններ դրանք որակում են որպես հնարավոր ապօրինի արտադատական սպանություններ։ 


Տվյալների հրապարակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Պենտագոնում զգալիորեն կրճատվել են խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների վնասներից պաշտպանելու ծրագրերի ռեսուրսները։ Քաղաքացիական պաշտպանության գերազանցության կենտրոնի աշխատակիցների թիվը 2025 ֆինանսական տարվա ավարտին նվազել է մինչև 9-ի, մինչդեռ նախկինում այնտեղ աշխատում էր 40 քաղաքացիական և զինվորական աշխատակից ու պայմանագրային մասնագետ։ 


CBS News-ի աղբյուրների գնահատմամբ՝ 2025 թվականի մարտից կենտրոնի և քաղաքացիական կորուստների նվազեցման ավելի լայն ծրագրի անձնակազմը կրճատվել է մոտ 90 տոկոսով։ Պաշտպանության նախարարության 2026 թվականի բյուջետային առաջարկով նախատեսվել էին նաև միլիոնավոր դոլարների ֆինանսավորման կրճատումներ։ 


Պենտագոնը, սակայն, պնդում է, որ ԱՄՆ զինված ուժերը հավատարիմ են խաղաղ բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու սկզբունքին և պահպանում են պատերազմի իրավունքի պահանջները։ 


Այս հարցը կարող է նոր նշանակություն ստանալ Իրանի դեմ ընթացիկ ռազմական գործողությունների համատեքստում։ Պենտագոնը դեռ չի հրապարակել Իրանում աղջիկների դպրոցի ենթադրյալ հարվածի վերաբերյալ իր հետաքննության արդյունքները։ Իրանի իշխանությունների պնդմամբ՝ այդ հարվածի հետևանքով զոհվել է մոտ 170 մարդ։ 


1/2840
bottom of page