top of page

«Նիկոլ Փաշինյանը գնում է բլեֆի, պարտությունը փորձում է ներկայացնել որպես լավություն». Տիգրան Աբրահամյանը՝ «8 միլիարդ դոլարի զենք գնելու» հայտարարության մասին

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

«Նիկոլ Փաշինյանը գնում է բլեֆի, միլիարդավոր դոլարների վարկը փորձում է որպես զենքի գնում ներկայացնել։ Եթե նույնիսկ գնած էլ լինի, չի կարող արտացոլել այն մեծ թիվը, որը ներկայացնում է»,-Aysor.am-ին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե արտաքին պարտքի գումարներից 8 միլիարդ դոլարի զենք են գնել:

Ըստ պատգամավորի՝ այս թեմայի արծարծումը պայմանավորված է հանրային մեծ դժգոհությամբ, որ Նիկոլ Փաշինյանի 7,5 տարվա իշխանության ժամանակահատվածում ավելի շատ վարկեր են վերցվել, ու արտաքին պարտքը շատ ավելի է մեծացել, քան մյուս բոլոր իշխանությունների կառավարման ժամանակահատվածում.

«Իշխանությունը փորձում է  որոշակի սրբագրումներ մտցնել՝ փորձելով դա փաթեթավորել զենք-զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի գնմամբ։ Հիշեցնեմ, որ գնումները, որոնք արվում են և արտաքին վարկային միջոցները, որոնք ներգրավվում են, վավերացվում են խորհրդարանում: Իսկ խորհրդարանում դրանք ներկայացվում են մանրամասն, թե  ինչ նպատակով, որտեղ են ուղղվելու: Իրականում հիմնականում ներկայացվել  են վարկեր՝ ուղղված ենթակառուցվածքների ստեղծմանը՝ ճանապարհ, ասֆալտ և այլն»:

Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով իշխանության պնդումներին, թե մեծ ծախսեր են ուղղում ռազմական ոլորտին, հիշեցրեց՝ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունները հսկայական ծավալի սպառազինություն, զենք- զինամթերք, զինտեխնիկա են որպես ավար թողել Ադրբեջանին, իսկ 2021-22 թթ. ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ   խոցվել ու ոչնչացվել է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, օբյեկտներ և այլն.

«Հետևաբար, բնական էր՝ ցանկացած իշխանության պարագայում էլ պետք է ծախսեր ուղղվեին  ռազմական ոլորտին՝ սկսած կացարանների ու զորանոցների ստեղծումից, մինչև առաջնագիծ:

Ասում են՝ առաջնագծի վրա մեծ գումարներ ենք դրել, բայց չեն ասում, որ նոր առաջնագիծ է ձևավորվել, որովհետև իրենց ստորագրությամբ  2020-ին Քաշաթաղի ու Քարվաճառի հանձնումից հետո Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը նոր սահմանագիծ են ունեցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում: Այսինքն՝ իրենց պարտությունը փորձում են ներկայացնել որպես լավություն կամ ցույց տալ, որ ավելի մեծ ծախսեր են կատարել, քան նախորդ իշխանությունները»:

bottom of page