top of page

Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար. Զուրաբյան

  • 33 minutes ago
  • 1 min read

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է.

«Այսօր ելույթ ունեցա Արցախի ներկայացուցչությունում Ղարաբաղյան շարժման 38-ամյակին նվիրված միջոցառմանը: Ահա ելույթիս հիմնական դրույթները.

Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար:

Այն եղել է պայքար ազատության, արժանապատվության, ինքնորոշման համար, արդարության և օրենքի համար:

Շատ լավ եմ հիշում 1988 թվականի փետրվարյան օրերը, երբ մենք, արբեցած ազատության օդից, դուրս եկանք փողոցներ և արարեցինք պատմությունը:

Դա զարթոնք էր, որը թույլ տվեց մեզ դառնալ միասնական ազգային օրգանիզմ, վերցնել սեփական ճակատագիրը մեր ձեռքը:

Սկսվեց որպես Ղարաբաղյան շարժում, բայց շատ արագ ընդլայնեց օրակարգը, ընդգրկելով ժողովրդավարությունը, Հայաստանի անկախությունը, տնտեսական ազատականությունը:

Հիմա հետին թվով փորձում են վարկաբեկել Շարժումը, ասել, որ իբր այն դրեց մեր այսօրվա աղետների հիմքը: Դա սուտ է: Այն դրեց մեր ազգային մեծ զարթոնքի, հաղթանակի, զոհի հոգեբանության հաղթահարման և պետականության վերստեղծման հիմքը:

Այսօրվա աղետների հիմքը պետք է այլ տեղ փնտրել` իշխող վերնախավերի առավելապաշտությունը, կոռուպցիան, այնուհետև, «ազգակործան պատուհասի» դեպքում` նաև տգիտությունը, հիվանդագին ինքնասիրահարվածությունը, կառավարման անկարողությունը, եթե ոչ դավաճանությունը, ինչի հավաքական արդյունքում մերժվեց ձեռք բերված հաղթանակի հիման վրա խաղաղ կարգավորումը:

Իսկ հիմա մեկ այլ ծայրահեղության մեջ ենք ընկել` հանձնվելու, հնազանդվելու, սեփական օրակարգից հրաժարվելու, օտարի կամքին և օրակարգին ենթարկվելու «իմաստնության»:

Վախենում են անգամ Արցախի անունը տալուց, հետապնդում եկեղեցին, կասկածի տակ դնում մեր պատմությունն ու ինքնությունը:

Մեր խորին համոզումը` հայ ժողովրդի փրկությունը այդ երկու կործանարար ծայրահեղությունների ճանկերից դուրս գալու մեջ է: Հնարավոր է համատեղել գործնական խաղաղասիրությունն ու ազգային ոգին` մեկը մյուսի հաշվին ձեռք բերելն է աղետաբեր:

Ամենալավ դասը այդ առումով` 1988 թվականի փետրվարի Զարթոնքն է, որն իր առջև դրեց իրատեսական նպատակներ և վերադարձրեց մեզ պետությունը և ինքնապաշտպանության կարողությունը»:

1/2554
bottom of page