Բաքվում տեղի ունեցածին ՀՀ իշխանությունները նույնիսկ հայտարարությամբ չարձագանքեցին. Մետաքսե Հակոբյան
- Ani

- 8 hours ago
- 2 min read

Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվի դատարանում, անսպասելի չէր. բոլորս էլ գիտեինք, որ նման ելք է սպասվում, թեպետ պատրաստ չէինք դրան, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Սպասում էինք, որ նման ելք լինելու է՝ հաշվի առնելով Հայաստանում ներկայիս իշխանությունների առկայությունը։ Երեկվանից կարդում էի ադրբեջանական պաշտոնական մամուլը և, բնականաբար, նաև Հայաստանի պաշտոնական մամուլը. բացարձակ, տարբեր իրականություններում են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները։
Հայաստանի իշխանությունները ձև են թափում, որ որևէ բան, որևէ իրադարձություն տեղի չի ունենում, կամ այն, ինչ տեղի է ունենում, իրենք դրա հետ որևէ առնչություն չունեն։ Ի տարբերություն դրա, ադրբեջանական կողմի մեկնաբանությունները հետևյալի մասին էին, որ այն, ինչ որ տեղի ունեցավ երեկ Բաքվի դատարանում, դա, իբրև թե, օրենքի ուժով արդարության հաստատումն էր։
Բնականաբար, միջազգային հանրության համար ներկայացվեց, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մենք ոչ թե ապրել ու խաղաղության ենք ձգտել, այլ այնտեղ հանցագործությամբ ենք զբաղվել»։
Հակոբյանն այս անգամ ոչ թե զարմացել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չի եղել երեկ Բաքվում տեղի ունեցածին, այլ՝ զայրացել։
«Հայաստանի իշխանությունների կողմից որևէ ռեակցիա չեղավ այդ ուղղությամբ, ուր մնաց՝ հայտարարություն։ Ի հավելումն այդ ամենի, ադրբեջանական կողմը շարունակում է արդեն հետագա պլանները կառուցել տեղի ունեցածի վրա»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններին ադրբեջանական իշխանությունների կողմից հրահանգ էր տրվում, թե պետք է վերընտրվեն, որպեսզի Հայաստանում ևս «օրենքով հաստատվի այն արդարությունը, ինչը սկսվել և շարունակվում է Բաքվում»։
«Շատ հեռահար նպատակներ ունի Ադրբեջանը։ Տեսնում ենք, որ Ադրբեջանի նպատակները շատ հեռուն են գնում՝ դեպի Հայաստան, Հայաստանի ապամոնտաժում, անվտանգային համակարգի փլուզում, պետականության ոչնչացում։ Դա էլ, ըստ Ադրբեջանի, պետք է լինի միայն ու միայն այս իշխանությունների գոյության ժամանակ։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այլ իշխանության պարագայում որևէ բան իրենց ցանկությամբ չի լինելու։ Այստեղ ամենավտանգավորը մոտ ապագայում Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններն են։ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն իսկ հայտնել են իրենց սատարումը Հայաստանին, որովհետև իրենց գլխավոր նպատակը Սահմանադրության փոփոխումն է, որից հետո արդեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի համար միևնույն կլինի, թե Հայաստանում ինչ իշխանություններ կլինեն»։




















