Բնական միացությունները դանդաղեցնում են մաշկի սպիտակուցների վնասումը և պաշտպանում սիրտ-անոթային համակարգը
- Ani

- 3 days ago
- 1 min read

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ արևապաշտպան ֆիլտրեր հիշեցնող բնական միացությունները, ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելուց բացի, կարող են ունենալ նաև այլ օգտակար հատկություններ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Bioscience, Biotechnology, and Biochemistry ամսագրում։
Այս նյութերը, որոնք կոչվում են միկոսպորինանման ամինաթթուներ (MAAs), բնական ճանապարհով արտադրում են ծովային ջրիմուռներն ու ցիանոբակտերիաները՝ ծովերում և այլ ջրամբարներում ապրող միկրոօրգանիզմները։ Բնության մեջ դրանց հիմնական գործառույթը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումը կլանելն ու բջիջները վնասումից պաշտպանելն է։
Գիտնականները համեմատել են երկու տարբեր մոլեկուլներ. մեկը ստացվել է ուտելի ծովային ջրիմուռից (porphyra-334), իսկ մյուսը՝ ավելի հազվադեպ հանդիպող տեսակ է, որը հայտնաբերվել է Թաիլանդի տաք աղբյուրների ցիանոբակտերիաներում (GlcHMS326)։
Պարզվել է, որ երկու միացություններն էլ կլանում են UV-ճառագայթումը, սակայն գործում են տարբեր կերպ. մեկն ավելի լավ է խոչընդոտում ծերացման գործընթացներին և սպիտակուցների վնասմանը, իսկ մյուսն ավելի ուժեղ է պաշտպանում կոլագենը՝ մաշկի առաձգականության համար պատասխանատու սպիտակուցը։
Բացի այդ, անսպասելի հայտնագործություն էր այն, որ լաբորատոր պայմաններում երկու մոլեկուլներն էլ նվազեցրել են արյան ճնշման կարգավորման համար կարևոր ֆերմենտի (անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ՝ ACE) ակտիվությունը։
Այս ֆերմենտի արգելափակումն այն միջոցներից է, որոնցով ժամանակակից դեղամիջոցներն օգնում են վերահսկել բարձր ճնշումը, հետևաբար՝ արդյունքները նոր հեռանկարներ են բացում սիրտ-անոթային համակարգի համար հնարավոր օգուտների հետազոտման հարցում։
Գիտնականները նաև պարզել են, որ այս բնական ֆիլտրերն ունեն հակաօքսիդանտային հատկություններ, այսինքն՝ օգնում են չեզոքացնել ազատ ռադիկալները՝ անկայուն մոլեկուլները, որոնք նպաստում են բջիջների ծերացմանն ու վնասմանը։ Սա դրանք հետաքրքիր է դարձնում ոչ միայն արևապաշտպան միջոցների և կոսմետիկայի, այլև ֆունկցիոնալ հատկություններով սննդամթերքի համար։
Հետազոտողներն ընդգծում են, որ այս արդյունքները դեռևս ստացվել են լաբորատորիայում, և պարզ չէ՝ արդյոք նման ազդեցություններ կնկատվեն կենդանի օրգանիզմներում, կամ ինչ չափաբաժնով կարելի է այս միացությունները ներառել կոսմետիկայի կամ դիետիկ մթերքների մեջ։




















