top of page

«Ժողովուրդ». Նախարարները ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել. գաղտնի հավելավճարներ

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերին ՀՀ նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր Կառավարությունը չի պատասխանում. հրաժարվում են հրապարակել նախարարների և փոխնխարարների ստացած պարգևների չափը:

Այսպիսով, ոչ միայն ՀՀ ԱԺ պատգամավորներն են մեծ պարգևներ ստացել՝ մոտ 3 միլիոն-ական դրամներ, այլև նախարարներն ու փոխնախարարները ստացել են օրենսդիրներից զգալիորեն ավելի բարձր պարգևավճարներ՝ պետբյուջեի միջոցներից:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե դեկտեմբեր ամսին նախարարներն ու փոխնախարարները որքան գումար են ստացել՝ որպես պարգևավճար և հավելավճար (տես 1-ին լուսանկարը)։ Հունվարին՝ տոներից հետո, Կառավարությունը ժամանակ էր խնդրել 30 օրով՝ հարցին պատասխանելու համար(տես 2-րդ լուսանկարը)։

Սակայն հունվարի 9-ին ստացվեց պատասխանը Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի անունից. «Յուրաքանչյուր նախարարության աշխատողի վարձատրությունը և հաշվապահական հաշվառումն իրականացվում է նախարարության կողմից», – նշված է պատասխանում: Այսպիսով կառավարության ղեկավարությունը հրաժարվել է հայտնել նախարարների ստացած պարգևավճարների չափը: (տես 3-րդ լուսանկարը)։

«Ժողովուրդ» օրաթերթը բոլոր նախարարներին ուղարկել է առանձին հարցումներ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացվել: Մինչ այդ, Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7–8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ պարգևավճարներ:

Ի դեպ, տեսչությունների պետերն էլ՝ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել՝ տեղակալները՝ փոխնախարարներին հավասար:

2025–26 թվականը, որպես նախընտրական տարի, ծանր է նստել քաղաքացիների, հարկատուների վրա, բայց հարուստ էր նախարարների ու փոխնախարարների համար: Տարակուսալի է, որ պետական բյուջեից վճարված այդ գումարները գաղտնի են պահվում Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի կողմից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page