top of page

Աղքատությունը մեկ երրորդով մեծացնում է կաթվածի ռիսկը․ JSCD

  • Writer: Ani
    Ani
  • 9 hours ago
  • 1 min read

ree

Թասմանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդիկ 33%-ով ավելի հաճախ են կաթված ստանում՝ համեմատած բնակչության ավելի ապահովված խավերի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Stroke and Cerebrovascular Diseases ամսագրում։

Հեղինակները վերլուծել են Թասմանիայի բնակիչների բժշկական տվյալները, ներառյալ հոսպիտալացումները և մահվան ելքերը՝ 2007-ից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար։ Վերլուծությունը ցույց է տվել, որ սոցիալական դիրքը ուղղակիորեն կապված է անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի հետ։ Մասնավորապես, պարզվել է, որ ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդիկ 33%-ով ավելի հաճախ են տառապում ինսուլտներից (կաթվածներից)։

Հետազոտողների խոսքով՝ ցածր եկամուտ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են հանդիպում հիպերտոնիա, սրտի ախտաբանություններ, շաքարախտ և նյութափոխանակության խանգարումներ։ Բնակչության նման խմբերում ավելի հաճախ են ախտորոշվում նաև մարսողական և իմունային համակարգերի, իսկ երբեմն էլ ուռուցքաբանական հիվանդություններ՝ նույնիսկ երիտասարդ տարիքում։

Հեղինակները նշում են, որ առանցքային դեր է խաղում բժշկական օգնության և կանխարգելիչ ծրագրերի սահմանափակ հասանելիությունը։ Նրանք ընդգծում են, որ առողջապահության հասանելիության պայմանների հավասարեցումը և սոցիալապես խոցելի խմբերում կանխարգելման ընդլայնումը կարող են զգալիորեն նվազեցնել կաթվածից և սրտանոթային այլ հիվանդություններից մահացությունը։

1/2390
bottom of page