Ռուբինյանի աչքին քահանայի պահվածքում երեւացել է Քոչարյանի «ձեռքը»
- 2 hours ago
- 1 min read

Բոլոր քահանաները պետք է հիշեն, որ իրենք եկեղեցում ծառայում են ժողովրդին, ոչ թե Քոչարյանին (Հայաստանի երկրորդ նախագահ – խմբ.) ու օլիգարխներին։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։
«Ես Սաղմոսավանքի քահանային տեսակետ արտահայտելու համար ոչինչ չեմ ասել։ Ես շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել՝ պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ», - նշել է Ռուբինյանը։ Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, թե իշխանություններն իբր չեն միջամտում Հայ Առաքելական Եկեղեցու գործերին։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, թե Տեր Օշին քահանա Հայրապետյանն իրեն ծանոթ մի երիտասարդ զույգի, ովքեր պատրաստվում են պսակադրության, ասել է. «Կարևորը՝ քավորը նորմալ, թասիբով մարդ լինի, ՔՊ–ական չլինի»։ «Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել», - «Facebook»-ի իր էջում գրել էր Ռուբինյանը, ինչից հետո աշխատանքային ժամին գնացել էր նրա հետ «հաշիվներ պարզելու»:
Միևնույն ժամանակ, հենց ինքը՝ քահանան,«NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է իշխող խմբակցության ներկայացուցչի այս պնդումները՝ չթաքցնելով այդ կուսակցության նկատմամբ իր բացասական վերաբերմունքը։




















