Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր վերջնանպատակում ազնիվ լինի. Վանեցյան
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Տխուր է հավաքական ընդդիմության վիճակը, բայց դա չի նշանակում, որ անհույս է. 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ճիշտ դիրքավորման, ճիշտ աշխատանքի, միավորումների ձևավորման դեպքում, վստահ եմ, որ հնարավոր է հասնել իշխանափոխության։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանն անելու է ամեն ինչ, որ նման միավորումներ չլինեն, ճիշտ աշխատանք չլինի, բայց դա էլ նրա գործն է»,- ասաց նա։
Ըստ Արթուր Վանեցյանի՝ Փաշինյանն իր գործը «5 գումարած» է անում. «Սրբություններ չունենալով, անձնական դաշտ մտնելով, որն ինձ համար անընդունելի է, ինքն ամեն ինչ անում է, կռվացնում է ընդդիմադիրներին տարբեր ձևերով»։
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ ցավոք, այսօր քաղաքական օրակարգը թելադրվում է Փաշինյանի կողմից. «Այսօր ասում է՝ գնում ենք եկեղեցի, բոլորս վազում ենք եկեղեցին պաշտպանելու, վաղը կասի՝ գնալու ենք Մատենադարանը գրավենք, վազելու ենք պաշտպանելու։ Արդյունքում ունենալու ենք վիճակ, որ Փաշինյանը կարողանալու է իր հարցերը լուծել։ Նա աշխատում է իր էլեկտորատը պահելու վրա»։
Ըստ Արթուր Վանեցյանի՝ իրական ընդդիմադիրները չեն կարող ունենալ անհաղթահարելի տարաձայնություններ, եթե հարցը վերաբերում է վերջնանպատակին, և եթե բոլորը ազնիվ են վերջնանպատակի հետ կապված․
«Ինձ համար վերջնանպատակն այս իշխանություններից ազատվելն է, անկախ նրանից, վարչապետը կլինեմ ես, դուք, թե ով։ Իմ նպատակն ԱԺ-ում հայտնվելը չէ, ֆրակցիա ունենալը չէ, այս իշխանություններից ազատվելն է, և ես խնդրում եմ բոլորին՝ ազնիվ լինեն իրենք իրենց հետ՝ արդյոք այդ նպատակի համա՞ր են պայքարում, թե՞ քաղաքական ներկապնակի մեջ մնալու համար»։
Նրա խոսքով՝ պատկերացումներ կան, բայց այդ մասին դեռևս չի ցանկանում խոսել․
«Ժողովուրդը պետք է հույս տեսնի, ուժ տեսնի, որ գնա»։




















