top of page

«Կոչ ենք անում ձկնորսներին՝ սպասել մինչև սիգի որսի արգելքի ավարտը». ՆԳՆ

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել.

«Նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված է սիգի արդյունագործական որսը: Եվ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաև Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը: Ամփոփ ներկայացնենք այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները:

Դեկտեմբերի 11-ին, ժամը 09։45-ի սահմաններում, Կարճաղբյուր-Ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձ տարածքում ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական երկու նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Դեկտեմբերի 12-ին, ժամը 06։30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին վաշտի ծառայողները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 57 կգ քաշով 155 սիգ։

Վարորդն ու մեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Դեկտեմբերի 14-ին, ժամը 11։25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Գավառի բնակչի վարած «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան։ Ստուգմամբ հայտնաբերվել է 10 կգ-ից ավելի ձկնկիթ։

Տղամարդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Նույն օրը, նույն ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մեկ այլ բնակչի վարած «Օպելը», որի սրահում հայտնաբերվել է երկու կիլոգրամից ավելի ձկնկիթ։

Այս դեպքում էլ` վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին։

Դեկտեմբերի 15-ին, ժամը 01։30-ի սահմաններում, վաշտի ծառայողները Ծովագյուղ-Շորժա հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Սևանի համայնքային բաժին են տեղափոխել Ծովագյուղի մի բնակչի: Նրա ռետինե նավակում կար 40 հատ սիգ և 9 հատ կարաս տեսակի ձուկ»:

Ուժեղացված ծառայությունը շարունակվում է:

Որսի արգելքն ինքնապատակ չէ: Ուստի կոչ ենք անում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին` սպասել մինչև սիգի որսի արգելքի ավարտը: Դրանով դուք ոչ միայն կխուսափեք վարչական կամ քրեական պատասխանատվությունից, այլև կնպաստեք Սևանա լճի ձկնային պաշարների կայուն վերականգնմանը:


1/2455
bottom of page