top of page

«44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3833 է, անունները կարող եք գտնել «Զինապահ» կայքում»․ Ալեն Սիմոնյան

  • 3 hours ago
  • 2 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը բավականին ցավոտ է, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է մի բան ֆիքսել և թույլ չտալ, որ մեր որոշ սրիկա ընդդիմադիրներ անդրադառնան: Ինչո՞ւ եմ ինձ թույլ տալիս ասել սրիկա: Որովհետև խոսքը մեր զոհված տղաների թվի մասին է:

Այս սրիկաները նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը: Ասում են՝ 5 հազարից ավելի, 6 հազար, 7 հազար, մինչև 10 հազար։ Այդ թիվը չի համապատասխանում իրականությանը: Այդ թիվը 44-օրյա պատերազմի քրեական գործերով 3833 է, որից 78 անձ քաղաքացիական անձ է և 3755-ը զինվորական: Այս թվի մեջ չկա անհայտ կորածների թիվը, այդ թիվը մոտավորապես 160-ի է հասնում։

Ամենահետաքրքիրը. այսօր ի՞նչ են փորձում անել: Այսօր մեր պատգամավորներից մեկը, որը աշխատանքի չի գալիս, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, առանց ամրագոտին գցելու տեսանյութ է անում և փորձում է լղոզել այս խոսակցությունը և կոչ է անում հրապարակել բոլոր զոհվածների ցուցակը, թիվը և այլն: Ձև անելով, որ, իբր, իրենք ոչ թե 44-օրյան նկատի ունեն, իրենք նկատի ունեն ամբողջ այս ընթացքում զոհերի թիվը։

Այդ թիվը հրապարակված է, անունները հրապարակված են: Այդ անունները կարող եք գտնել «Զինապահ» կայքում: Այնտեղ կան տվյալները, լուսանկարները: Կան բացառություններ, երբ որ ծնողները չեն ցանկացել, որ անուն հրապարակվի, և այնտեղ կան նաև քառօրյա պատերազմի ժամանակ մահացած մեր հայրենակիցների անունները:

Այս սրիկայությունը պետք է դադարի: Հերիք է մեր ցավի, մեր զոհերի վրա քաղաքական դիվեդենտներ շահեք: Դուք մահվան սուրհանդակներն եք, մեզ համար դա նորություն չէ։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմությունը հիմնական պատճառն են այս պատերազմների: Այսօր մենք խաղաղության մեջ ենք ապրում, խաղաղությունն այլևս եկել է, և փառք մեր նահատակներին, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կռվել են, պատերազմել են, զոհվել են, որ այսօր մեր երեխաները խաղաղություն ունենան։ Եվ մեր խոնարհումը այդ բոլոր մարդկանց»:

1/2691
bottom of page