top of page

Ապաշրջափակմամբ մենք հնարավորություն կունենանք կապել ոչ միայն Արևելքն Արևմուտքի հետ, այլև Ծոցը Սև ծովի հետ, ինչը հսկայական փոփոխություն կլինի ողջ տարածաշրջանի համար․ Վահան Կոստանյան

  • 3 hours ago
  • 5 min read




Համաշխարհային քաղաքականության համաժողովի (World Policy Conference) շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանը։

Պանելային քննարկման մյուս մասնակիցներն էին Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Դմիտրո Կուլեբան, ինչպես նաև ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ղազախստանի դեսպան Ռոման Վասիլենկոն։

Վարող․ Պարո՛ն Կոստանյան, շատ շնորհակալ եմ, որ կրկին մեզ հետ եք։ Ի՞նչ տեսլականներ կամ կանխատեսումներ ունեք Եվրոպական միության ապագայի վերաբերյալ, և արդյո՞ք այդ ապագան Ձեր տեսանկյունից կարևոր է։ Եթե այո՛, ապա ի՞նչ իմաստով։ Որո՞նք են ձեր սեփական հետաքրքրություններն այդ ապագայում։ Տեսլական ասելով՝ նկատի ունեմ նաև այնպիսի բաներ, որոնք կարող են նրանց ահմար ոչ հաճելի լինել կամ նույնիսկ տհաճ։ Դուք կարող եք անել կանխատեսումներ, որոնք կարող են Ձեզ դուր չգալ, բայց եթե իրատես եք, ապա պետք է նման կանխատեսումներ ձևակերպեք կամ ներկայացնեք։

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ, որ դրական տեսանկյունից ևս ներկայացնեք որոշ դիտարկումներ և առաջարկություններ առ այն, թե ինչու է կարևոր Եվրոպական միության և ձեր տարածաշրջանի կամ երկրի միջև փոխգործակցությունը, և ինչպես կարող ենք ավելի լավ համագործակցել ԵՄ-ի և ձեր երկրի կամ տարածաշրջանի միջև։ 

Վահան Կոստանյան. Շատ շնորհակալ եմ, հարգելի՛ Թերրի։ Մեծ պատիվ է Համաշխարհային քաղաքականության համաժողովին կրկին մասնակցելը։ 

Երբ նոր էինք մեկնարկել պանելը, մտածում էի՝ աշխարհում երկու տարի առաջ առհասարակ ինչ իրավիճակ էր։ Այսօր շատ բաներ են փոխվել։ Այս առումով պիտի նշեմ, որ մենք ըստ երևույթին ապրում ենք ոչ սովորական ժամանակներում։ Երկու տարի առաջ ևս ոչ սովորական ժամանակներում էինք ապրում, բայց այսօր իրավիճակն ավելի բարդ է, ինչը նշանակում է, որ ավանդական մոտեցումները միշտ չէ, որ գործում են կամ էլ գործում են առանձին դեպքերում։ Այնպես որ, հիմա մեզ իրապես անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ և քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն:

Թո՛ւյլ տվեք նախ նկարագրել,  թե վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի տեսանկյունից ինչ զարգացումներ են եղել Հայաստան-ԵՄ ուղղությամբ։ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ձգտումների ճանապարհին թերևս ամենաոչսովորական հանգրվաններից մեկն այն օրենքն է, որն ընդունվեց Հայաստանի խորհրդարանի կողմից անցյալ տարի մարտին՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը թույլ տալու համար։ Սա հստակ քաղաքական դրսևորում է առ այն, թե ապագայում որտեղ են Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդը տեսնում իրենց: 

Այս ասելով՝ մենք իհարկե միամտաբար չենք կարծում, որ 2028թ.-ին կամ 2030թ.-ին Հայաստանը կդառնա ԵՄ-ի անդամ պետություն։ Սա, այդուհանդերձ, քաղաքական հայտարարություն է, որը ցույց է տալիս այն ուղղությունը, որով աշխատում ենք։ Սրանով մենք ձևավորում ենք բարեփոխումների նոր և հավակնոտ օրակարգ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար։ Հավատացած ենք, որ բարեփոխումների այս օրակարգն ինքնին շատ կարևոր գործընթաց է մեզ համար թե՛ ներքին, թե՛ ներպետական մակարդակում, որն իրականացնում ենք՝ սկսած Եվրոպական միության հետ մեկնարկած վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունից։ Ներկայումս մենք աշխարհում միակ երկիրն ենք, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման երկխոսության շուրջ բանակցություններ է վարում։

Մենք փորձում ենք հասկանալ, թե ոլորտային տարբեր ուղղություններով ինչ հնարավորություններ կան համագործակցության շրջանակի ընդլայնման համար։ Իրականում անցյալ դեկտեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդունված փաստաթուղթը՝ «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը», լավ շրջանակ և ճանապարհային քարտեզ է սահմանում Հայաստանի՝ Եվրոպական միությանը ոլորտային և աստիճանական ինտեգրման համար՝ առաջին անգամ ներառելով շատ կարևոր բաղադրիչներ անվտանգության և տնտեսության ոլորտներում, ինչն առկա չէր, երբ հետ ենք նայում 2017 թվականի «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»: 

Այս ամենն ասելով՝ թերևս պետք է նշեմ, որ ԵՄ-ն մեզ համար դարձել է իրական ռազմավարական գործընկեր։ Ինչպես սիրում են ասել մեր եվրոպացի գործընկերները՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։ Մեզ համար, սակայն, սա վերջնագիծը չէ, և հստակորեն տեսնում ենք հաջորդ հանգրվանները, որոնց պետք է հասնել։ Այս առումով նաև նշեմ, որ մայիսի 5-ին Երևանում հյուրընկալելու ենք Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից անմիջապես հետո, որը նույնպես պատիվ ունենք հյուրընկալելու Երևանում։

Այնպես որ, ամեն ինչ բավական արագ է զարգանում: Ցավոք, եվրոպական բյուրոկրատիան երբեմն չի հասցնում տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների տեմպերի հետևից:

Վարող. Դուք շատ լավ դիվանագետ եք, այն առումով, թե ինչպես եք Ձեր մտքերը ձևակերպում:

Վահան Կոստանյան․ Երեկ Լաշա Դարսալիայի հետ մեր քննարկման ընթացքում նա մի կարևոր դիտարկում արեց՝ տարբեր հարցերի համատեքստում ընդգծելով, որ երբեմն անհրաժեշտ է դանդաղորեն շտապել, սակայն երբ խոսքը վերաբերում է ռազմավարական դերակատարներին, նույնիսկ այդ մոտեցման պարագայում պետք է հստակ համոզված լինենք, որ չես ուշանում, և սա, թերևս, ԵՄ-ի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկն է այսօր։ Երբեմն մենք դանդաղորեն ենք շտապում, բայց պետք է համոզված լինենք, որ նրանք կամ մենք չենք ուշանում։

Եվ ևս մեկ դիտարկում Եվրոպայի ապագայի և Արևելյան հարևանության վերաբերյալ․ կարծում եմ՝ հաշվի առնելով այն ժամանակաշրջանը, որում ապրում ենք, և Եվրոպական միության փոխգործակցության օրակարգը տարբեր տարածաշրջանների հետ՝ «Եվրոպական հարևանություն» հասկացության սահմանումն ինքնին ևս վերաիմաստավորման կարիք ունի։

Մի քանի տարի առաջ, երբ, օրինակ, ձևավորվում էր «Արևելյան գործընկերությունը», Հարավային Կովկասն այն սահմանագիծն էր, որտեղ ավարտվում էր «Եվրոպական հարևանությունը»։ Այսօր, իմ համոզմամբ, «Եվրոպական հարևանությունը» չի կարող ռազմավարական լինել առանց  Կենտրոնական Ասիայի, և այստեղ Հարավային Կովկասը և նրա երեք երկրները շատ կարևոր՝ Կենտրոնական Ասիան Եվրոպական միության հետ կապելու ռազմավարական դեր են կատարում։ Տեսնում ենք, որ այս գործընկերության զարգացման տարբեր միտումներ են ձևավորվում։

Վարող. Շնորհակալություն, շատ դիպուկ էր։ Բայց, միջինից երկարաժամկետ հեռանկարում այս կապերը, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվեն և կյանքի կկոչվեն։ Մինչ այդ, դուք ունեք այլ խնդիրներ, որոնք պետք է լուծեք ձեր միջավայրում։ Ադրբեջանի հետ դեռևս առկա են որոշակի խնդիրներ, և դուք համաձայնել եք աջակցել ԹՐԻՓՓ նախագծին, gուցե կուղղեք իմ ձևակերպումը, որը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովմանը։ Սա, անկասկած, կարևոր հարց է կարճ և միջին ժամկետում։ Խնդրում եմ մի փոքր մեկնաբանել դա և ընդհանուր առմամբ ձեր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ 

Վահան Կոստանյան․ Այո՛, շատ շնորհակալություն։ Նախ նշեմ, որ «ԹՐԻՓՓ նախագծին աջակցելը» Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների թերևս ամենաճշգրիտ բնորոշումը չէ, քանի որ, նախ՝ TRIPP-ն այնպիսի նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և երկրորդ՝ մենք ինքներս խիստ շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ։ ԹՐԻՓՓ-ը միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը չէ․ այն շատ ավելի մեծ և ռազմավարական նախագիծ է՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու, ինչպես նաև փոխադարձ օգուտների ապահովման հանձնառությունը հասկանալու համար։ Սա նաև գործնականում նշանակում է, որ Հայաստանի հարավային հատվածը կարող է կապվել հյուսիսային հատվածի հետ՝ օգտագործելով Նախիջևանի երկաթուղին։ Այն ապաշրջափակմամբ, որը տեղի կունենա, մենք հնարավորություն կունենանք կապել ոչ միայն Արևելքն Արևմուտքի հետ, այլև Ծոցը Սև ծովի հետ, ինչը հսկայական փոփոխություն կլինի ողջ տարածաշրջանի համար:

Մենք շատ հետաքրքրված ենք այս նախագծի իրականացմամբ։ Ակտիվ քննարկումներ են ընթանում ամերիկացի գործընկերների հետ այն մասին, թե ինչպես ենք պատրաստվում Հայաստանում ստեղծել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն։ Արդեն մեկնարկել ենք ոչ միայն իրագործելիության ուսումնասիրությունը, այլ նաև հենց տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, քանի որ օգոստոսի 8-ից հետո, օրինակ, ունենք Ղազախստանից՝ Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային համակարգերով հացահատիկ ներմուծելու նախադեպ: Սա վառ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է տարածաշրջանային համագործակցությունն աշխատել, և ինչպես լրացուցիչ փոխկախվածությունների ստեղծումը տարածաշրջանում կարող է մեծապես նպաստել կայունության և խաղաղության հաստատմանն այդտեղ։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա երկու երկրների առաջնորդներն էլ օգոստոսի 8-ից հետո բազմիցս նշել են, որ խաղաղությունն արդեն հաստատված է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այն գործընթացները, որոնք այժմ ընթանում են, նախընտրում ենք անվանել «խաղաղության ինստիտուցիոնալացում»՝ ձեռնարկելով մեր երկու երկրների միջև տնտեսական կապերը զարգացնելու և ավելի խորացնելու ուղղությամբ հետագա քայլեր: Արդեն սկսել ենք երկկողմ ուղիղ առևտուրը՝ Ադրբեջանից վառելիքի ներմուծմամբ, և հուսով ենք, որ մոտ ապագայում դա տեղի կունենա ևս՝ արդեն հստակեցրել ենք, թե ինչ ենք արտահանելու Հայաստանից Ադրբեջան։ Միևնույն ժամանակ աշխատում ենք նաև մարդկանց միջև շփումների ուղղությամբ․ կազմակերպվում են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Հատկանշական է, որ մենք հանդիպումներ ենք ունենում ոչ միայն արտասահմանյան երկրներում, այլև հենց Հայաստանում և Ադրբեջանում։ Ունենք նաև շատ կարևոր ձևաչափ, որը հաստատվել է մեր վրացի գործընկերների հետ՝ արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ խորհրդակցությունների տեսքով, որտեղ ես և իմ վրացի գործընկեր Լաշան նույնպես անձնապես ներգրավված ենք:

Եվ այստեղ նույնպես մենք տարածաշրջանային համագործակցության մեծ հեռանկար ենք տեսնում ոչ միայն մեր երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև, այլև մեր ավելի լայն հարևանության հետ:

Վարող. Շատ շնորհակալ եմ:

1/2660
bottom of page