Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, մեկնաբանել են Էփշթեյնի հետ կապված սկանդալը
- Ani

- 1 day ago
- 1 min read

Ուելսի արքայազն Ուիլիամը ու իշխանուհի Քեյթ Միդլթոնը խորապես մտահոգված են շարունակվող բացահայտումներով։ Նրանց մտքերը զոհերի հետ են: Այս մասին հայտարարել է վերջիններիս ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ջեֆրի Էփշթեյնի հետ կապված սկանդալը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հունվարի 30-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր Էփշթեյնի գործով փաստաթղթերի նոր խմբաքանակ։ Ֆայլերում եղել են լուսանկարներ մի տղամարդու մասնակցությամբ, որը նման է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին:
Ներկայացված լուսանկարում երևում է, թե ինչպես է Մաունթբեթեն-Վինձորը չորեքթաթ կանգնած մի կնոջ մոտ։ Լուսանկարներին որևէ համատեքստ չի տրամադրվել, և պարզ չէ, թե երբ և որտեղ են դրանք արվել։ Նախկին արքայազն Էնդրյուի շուրջ սկանդալը բռնկվել էր դեռևս 2019 թվականին, երբ հանրայնացվեց թագավորական ընտանիքի անդամի կապը Վիրջինիա Ջուֆրեի հետ, որը աշխատում էր Էփշթեյնի մոտ։
Իր հուշերում նա պատմել էր, որ Էնդրյուն սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, երբ ինքը 17 տարեկան էր։ 2025 թվականի հոկտեմբերին Չարլզ III-ը կրտսեր եղբորը զրկեց տիտղոսներից ու պատվավոր կոչումներից, ինչպես նաև որոշում կայացրեց նրան վտարել թագավորական նստավայրից։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Էփշտեյնի հետ կապված սկանդալից հետո նախկին արքայազն Էնդրյուն բնակվելու է թագավոր Չարլզին պատկանող Սանդրինգհեմյան կալվածքում։
Հիշեցնենք,որ Ջեֆրի Էփշթեյնը մեղադրվում էր սեռական նպատակներով անչափահաս աղջիկների «հսկայական ցանց» շահագործելու համար:
Աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանց ցանկը, որոնք կապեր են ունեցել հանգուցյալ Ջեֆրի Էփշթեյնի հետ, համալրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը հրապարակել է միլիոնավոր նոր ֆայլեր՝ ֆինանսիստի գործով իրականացվող հետաքննությունից։ Վերջին հրապարակման մեջ հիշատակված են Իլոն Մասկը, Բիլ Գեյթսը, Դոնալդ Թրամփը, Ստիվ Բենոնը, Ռիչարդ Բրենսոնը, Բիլ Քլինթոնը, Նոամ Չոմսկին, Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը:




















