Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը․ Միրզոյան
- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի ու Թուրքիայի միջև քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ներկայացնելով ԱԳՆ-ի 2025 թվականի գործունեության զեկույցը։
Նախարարը մանրամասնեց, որ Հայաստանն ու Թուրքիան այս պահին ունեն բավականին դինամիկ, ակտիվ և խոստումնալից երկխոսություն։
Արարատ Միրզոյանը ներկաներին հիշեցրեց, որ Երևանի ու Անկարայի միջև արդեն իսկ կան հստակ պայմանավորվածություններ, որոնց իրագործման ուղղությամբ երկու երկրներն առաջ են ընթանում։
«Կողմերի միջև այժմ նույնիսկ քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,-ասաց Միրզոյանը։
Նա նաև հավելեց, որ 2025 թվականի ընթացքում հայ և թուրք պաշտոնյաների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ ու շփումներ, ինչը վկայում է երկու պետությունների միջև դինամիկ կերպով առաջ ընթացող երկխոսության մասին։




















