top of page

Թուրքիան Ամերիկայի ընկերը չէ. Նեթանյահուն կոչով դիմել է Թրամփին

  • 1 hour ago
  • 1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Անկարա նախատեսվող այցից առաջ նրա հետ մի քանի անգամ քննարկել է Թուրքիային F-35 կործանիչների արտադրության և մատակարարման ծրագրին վերադարձը թույլ չտալու անհրաժեշտությունը։


«Բոլորն էլ հասկանում են, որ, չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախագահ Թրամփի անձնական մտերմությանը, դա Թուրքիային չի դարձնում բարեկամ երկիր Միացյալ Նահանգների նկատմամբ»,- ասել է Նեթանյահուն։


Նեթանյահուն Թուրքիային մեղադրել է այն բանում, որ այն «վարակված է» «Մուսուլման եղբայրներ»-ի գաղափարախոսությամբ, սպառնում է Եվրոպական Միության անդամ երկրներին, օկուպացնում է Կիպրոսը, ապաստան է տրամադրում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներին, ինչպես նաև բանտարկում է քաղաքական ընդդիմախոսներին և լրագրողներին։


«Նա հաստատ Միացյալ Նահանգների օրինակելի դաշնակից չէ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով, որ Էրդողանը սպառնում է Իսրայելի ոչնչացմամբ։


Նեթանյահուի խոսքով՝ Թուրքիան ունի «ագրեսիվ նկրտումներ»։


«Սա մի ուժ չէ, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է նա՝ պնդելով, որ Թուրքիային F-35 կործանիչների փոխանցումը կհանգեցնի «ագրեսիայի՝ որպես դրա հետևանք»։


Ավելի վաղ Անկարայում Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է վերացնել Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և դիտարկել Անկարային F-35 կործանիչների վաճառքի վերսկսման հնարավորությունը։

1/2784
bottom of page