Սերժ Սարգսյանի պաշտպաններն արդարացում են պահանջում
- Armen Sukiasyan

- Jan 24, 2024
- 2 min read

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները պահանջում են արդադացնել Սարգսյանին՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը, վերացնել դատավարական հարկադրանքի բոլոր միջոցները, իսկ ներկայացված քաղհայցը՝ մերժել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մեղադրական ճառով դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել Սերժ Սարգսյանին, Գևորգ Հարությունյանին և Բարսեղ Բեգլարյանին՝ առաջադրված մեղադրանքներում, սակայն դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել քրեական գործը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Նախորդ նիստերի ընթացքում պաշտպանական ճառով են հանդես եկել Գևորգ Հարությունյանի և Բարսեղ Բեգլարյանի պաշտպանները՝ պահանջելով արդարացնել նրանց։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում ճառով է հանդես եկել Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը։ Պաշտպանական ճառի սկզբում փաստաբան Ամրամ Մակինյանը համոզմունք հայտնեց, որ այս գործով իրավական կոմպոնենտ չկա, Սերժ Սարգսյանն այս գործով որպես ինստւտուտ է մեղադրվում, ոչ թե՝ որպես Սերժ Սարգսյան անձ և այս գործն ուսուցանվելու է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում։ Պաշտպանական ճառում փաստաբան Ամրամ Մակինյանն անդրադարձավ Սևան Քոչարյանի վկայությանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի դեմ դիմում ներկայացրած անձը 10 մլն դոլարանոց ցուցմունք է տվել, քանի որ վերջինս պետք է Հարկադիր կատարման ծառայության կողմից վտարվեր իր բնակարանից, սակայն դիմումը ներկայացնելուց հետո չի վտարվել։ Մակինյանը հիշեցրեց, որ երբ Սևան Քոչարյանը դատարանում ցուցմունք է տվել, ինքը հետաքրքրվել է, թե որտեղ է բնակվում, ինչին ի պատասխան Քոչարյանը նշել է այն հասցեն, որտեղից պետք է վտարված լիներ: Ըստ փաստաբանի՝ Քոչարյանին չեն վտարել, որ նա դատարանում ևս պնդի իր ցուցմունքները: Պաշտպան Ռուբեն Հակոբյանն էլ ճառում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ի սկզբանե Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է իրականացվել։ Մասնավորապես, Սարգսյանը որպես վկա հրավիրվել է հարցաքննության, ապա՝ նրա և Սերգո Կարապետյանի միջև առերեսում է եղել, որի ավարտից հետո ընդամնեը երկու րոպե հետո քննիչը ներկայացրել է Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում, ընդ որում՝ առանց այդ ընթացքում աշխատասենյակից դուրս գալու։ Ըստ պաշտպանի՝ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումն արդեն իսկ կազմված, տպագրված և ստորագրված է եղել, միայն ժամն է բացակայել։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրվել է մինչև նրա՝ վկայի կարգավիճակով հարցաքննությունը, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի՝ որպես վկա հարցաքննությունը կրել է ձևական բնույթ, մինչ այդ ապացույցներն արդեն ստուգված, գնահատված են եղել։ Ըստ պաշտպանի՝ քննիչները մինչև առերեսումն արդեն տեղեկացված են եղել, թե Սերգո Կարապետյանն ինչ ցուցմունք է տալու առերեսման ժամանակ։ Փաստաբանը նաև չբացառեց, որ Սերգո Կարապետյանի նկատմամբ ճնշումներ են եղել։ Պաշտպանական ճառին միացավ նաև Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ամեն ինչ ասված է։
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:




















