ԿՁԵՐԲԱԿԱԼԵ՞Ն ՊՈՒՏԻՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ԻՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ
- Armen Sukiasyan

- Feb 11, 2024
- 1 min read

Բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հռոմի ստատուտի վավերացմանը: Որի շրջանակներում լրագրողը Փաշինյանից հետաքրքրվել է, թե արդյոք Վլադիմիր Պուտինին ձերբակալելու պատրաստակամություն ունի, եթե նա գա Հայաստան.
«Ես Ձեզ մի այսպիսի գաղտնիք բացեմ. 2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով»։
Հարցին՝ «հնարավո՞ր է, որ Դուք ուղղակի զանգահարեք Վլադիմիր Պուտինին և ասեք, որ նա ուղղակի չգա, քանի որ Դուք չեք կարող երաշխավորել, որ նա չի ձերբակալվի», Փաշինյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»։




















