Ինչպես է փոխվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

ՊԵԿ-ը հրապարակել է 2021թ-ի ընթացքում խոշոր հարկ վճարողների ցուցակը, որում ներառված է 1000 հարկատուի անուն։ MediaHub.am-ը ներկայացնում է, թե ինչպես է 2020թ-ի համեմատությամբ փոխվել խոշոր հարկատուների ցուցակը։ 2021թ-ին պետբյուջե ամենաշատը հարկեր վճարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 48.98 մլրդ դրամ։ Եթե նախորդ տարի այս ընկերությունը զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը, ապա այս տարի 5.86 մլրդ դրամով ավելի գումար է վճարել, զբաղեցնելով առաջին տեղը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հաջորդում է Գազպրոմ Արմենիան, որը 47.82 մլրդ դրամ հարկ է վճարել։ Նախորդ տարի ևս Գազպրոմ Արմենիան այս ցուցակում երկրորդն էր։ Երրորդը ՀՀ ՊՆ աշխատակազմն է՝ 42.66 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ ՊՆ-ն մեկ հորիզոնականով բարելավվել է իր դիրքերը։ Նախորդ տարվա առաջատար Գրանդ Տոբակոն 2021թ-ին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ 5-րդ հորիզոնականն անփոփոխ է մնացել։ Թեև Գեոպրոմայնինգ Գոլդը 22.64%-ով քիչ է հարկ վճարել 2020թ-ի համեմատ, բայց պահպանել է իր դիրքը։ Իսկ Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքերը, զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։ Յոթերորդ տեղում ՍիՓիԷս Օիլն է, որը 2020թ-ին ևս նույն հորիզոնականն էր զբաղեցնում։
Եթե 2020թ-ին ՄՏՍ Հայաստանը 9-րդն էր, ապա 2021թ-ին 8-րդ հորիզանականում է, ընկերության կողմից վճարված հարկերը աճել են 21.35%-ով։ Ֆլեշ ընկերությունը ևս անփոփոխ իր տեղում է, զբաղեցնում է 9-րդն հորիզոնականը։ Ցուցակում զգալի աճ է գրանցել Թեղուտը։ Ընկերության վճարած հարկերն աճել են 115.55%-ով, ինչի արդյունքում, եթե 2020թ-ին զբաղեցնում էր 21-րդ հորիզոնականը, ապա 2021թ-ին եզրափակում է խոշոր հարկատուների տասնյակը։
Արմինե Նավոյան




















