top of page

Փաշինյանի չսերտած դասերը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read

Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները դիտարկվում են տարբեր տեսանկյուններից, առաջ են քաշվում հավանական և անհավանական զանազան վարկածներ, սակայն մի բան ակնհայտ է՝ մինչև հունվարի 5-ի երեկոյան, երբ Ալմաթիում սկսվեցին զանգվածային անկարգություններն ու բռնությունները, գործ ունեինք հիմնականում տարերային հասարակական խաղաղ հուզումների հետ։ Ինչի՞ց էին բողոքում հազարավոր ղազախստանցիները։ Իհարկե՝ կյանքի որակից, ճչացող անարդարությունից։ Առիթը դարձավ հեղուկ գազի գնի բարձրացումը, ինչը լցրեց հազարավոր մարդկանց համբերության վերջին բաժակը։ Հայաստանում չկա՞ն նման պատճառներ։ Իհարկե՝ կան։


Հենց հունվարից բարձրացել է խմելու ջրի գինը, փետրվարից ավելի շատ ենք վճարելու էլեկտրաէներգիայի համար, որը շղթայաբար բերելու է ապրանքների ու ծառայությունների թանկացման։ Հայաստանը գահավիժում է սոցիալական կոլապսի ճահիճ, էլ չասած այն մասին, որ մեր երկրի առաջ չոքել են անվտանգային բազմաթիվ մարտահրավերներ՝ զոհեր սահմանին, գերիների հարց, որոնց ընդվզող հարազատներն այլևս «օտարի» կարգավիճակ ունեն կառավարության շենքի մոտ։ Սրան ավելացնենք կառավարության անհեռատես քաղաքականությունը, ինչի հետևանքով բազմաթիվ աշխատատեղեր են փակվում, օրինակ՝ ընդամենը երկու օր հետո աշխատանքից զրկվելու են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի 80 աշխատակիցներ։ Այս ամենի համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն օր ավելի է կտրվում իրականությունից, յուրաքանչյուր քայլով ապացուցում է, որ այդպես էլ չի սերտել բազմաթիվ դասեր։


Օրինակ՝ այն, որ հիմա իրենք իշխանության վայելքներից չէին օգտվի, եթե 2018-ին Հայաստանում չլիներ տոտալ դժգոհություն համակարգի, նրա կամայականությունների հանդեպ, կամ՝ Կենտրոնական Ասիայի ամենակայուն երկիրը՝ Ղազախստանը, չէր հայտնվի կրակների մեջ, եթե իշխանություններն ավելի ուշադիր լինեին մարդկանց կենցաղի, կյաքնի որակի, սոցիալական խնդիրների հարցերում։ Փաշինյանին զուր է թվում, թե իրեն միշտ փրկելու է, այսպես ասած, տիտղոսային ընդդիմության «հակառեյտինգը»։ Ղազախստանի իրադարձությունները հենց նրա մասին էին, որ հուզումներ կարող են սկսվել՝ անգամ առանց ընդդիմության։ Նման դեպքերում զարգացումներն ավելի զգայուն ու ցավոտ են լինում։


Վահրամ Բագրատյան


 
 
1/2518
bottom of page