ՔԱՆԻ ԴԵՌ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ, ՀԱՑԸ ՈՐ ՈՒՏՈՒՄ ԵՆՔ՝ ԿՈՒԼ ՉԻ ԳՆԱ
Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը մեծ ջանքեր է դնում գերիների ազատ արձակման ուղղությամբ եւ կարծում է, որ պետք է ակտիվացնել հայ ժողովրդին, որ նրանք Ադրբեջանից վերադառնան տուն:
Նա մեզ հետ զրույցում ասաց.
«Ադրբեջանը բռնատիրական պետություն է, կոմունիզմի մնացորդ։ Բանտերում մարդկանց ճնշումների են ենթարկում, քաղաքացիներին են ճնշում, խեղդում ազատ խոսքի իրավունքը։ Այդ երկրում ընդդիմություն, բազմակարծություն չկա, ինչպե՞ս կարող է գերիների հարցով արդար դատավարություն լինել։ «COP29»-ին ընդառաջ Ալիեւը հանտարարել է, թե խաղաղության օր է լինելու։ Այս մարդը դեմագոգ է, մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից՝ Հայաստանին սպառնում է պատերազմով, հայերին պահում գերության մեջ։ Ամերիկայում գտնվող փաստաբանների նախաձեռնող խումբը, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, «COP29»-ից առաջ հանդես են գալու շատ կարեւոր նախաձեռնությամբ։ Այդ օրը ամեն ինչ արվելու է, որ գերիների հարցը հասարակական լայն հնչեղություն ստանա, տարբեր երկրների ղեկավարներից պահանջվելու է՝ հայ գերիների ազատության համար քայլեր ձեռնարկել։
Պետք է զորաշարժի ենթարկել մեր բոլոր ուժերին։ Ես կոչ եմ անում մեր երիտասարդներին՝ սոցիալական ցանցերում փնտրեն Օկամպոյի էջը եւ տարածեն գերիների հարցով նրա գրառումները։ Այս ակցիային միանալու են նաեւ բնապահպանական կազմակերպություններ, իրավապաշտպաններ։ Ցանցը մեծանում է, բայց պետք է ամբողջ հայ ազգը միանա այդ գործընթացին, եւ ճնշում գործադրվի։ Ադրբեջանը պիտի հասկանա, որ չի մարսելու, որքան էլ փորձի իր միլիարդներով կաշառել աշխարհին։ Մեր ժողովուրդը կարծես թմբիրի մեջ է, մեր եղբայրները գտնվում են գերության մեջ։ Գնացե՛ք, խոսեք իրենց ընտանիքի անդամների հետ, որոնք միգուցե ձեր հարեւաններն են, ընկերների ընկերները, եղբայրը, քույրը։ Խոսեք ու մտեք այդ ընտանիքների վիճակի մեջ։ Այդ մարդիկ քանի դեռ գերության մեջ են, մենք իրավունք չունենք հանգիստ նստել, այն հացը, որ ուտում ենք՝ կուլ չի գնա, այն մտքից, որ մեր եղբայրները ցավի ու դժվարության մեջ են։ Պետք է աշխատել ու չհուսալքվել»։