ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ՈՒՂՂՎԱԾ Է «ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻՆ»

2025 թվականը ՀՀ քաղաքացիների համար մեկնարկեց կառավարության նոր պահանջներով, այն է՝ ՊԵԿ-ին եկամուտների պարտադիր հայտարարագրեր ներկայացնելու մասին։ Այս որոշումը շատերի մոտ զայրույթ առաջացրեց, քանի որ խիստ բարդացնելու է մարդկանց կյանքը։ Այնուամենայնիվ, որոշումն ընդունված է։ Իհարկե, ընդունվել է առանց հստակ պարզաբանումների, թե պետությունը, օրինակ, ինչ չափի գումարից սկսած է հարկային վարչարարություն իրականացնելու քաղաքացու նկատմամբ, եւ բազմաթիվ այլ թերություններով։
Մեր կարծիքով, այս որոշման թիրախը գրանցված աշխատողները չեն, ոչ էլ խոշոր հարկատուները, քանի որ այս ուղղություններով պետությունն ունի հստակ մշակված ե՛ւ մեխանիզմներ, ե՛ւ ինֆորմացիա, թե որտեղ ինչքան գումար կա, եւ գրանցված աշխատողին, մեծ ու փոքր բիզնեսով զբաղվողներին հարկելու հիմքը եկամուտների մասին հայտարարագիրը չէ։ Եկամուտների հայտարարագրի թիրախը, մեր կարծիքով, արտագնա աշխատանքի մեկնողներն են եւ նրանց հարազատները, ովքեր ստանում են այդ գումարները։ Իշխանությունները կփորձեն հերքել այս դիտարկումը` զգուշանալով, որ մարզերի բնակիչները կրկին ոտքի կկանգնեն եւ կընդվզեն, ինչպես եղավ մեկ տարի առաջ։ Իշխանությունը դասեր է քաղել իր նախորդ անհաջող փորձից, երբ մեկ տարի առաջ ՊԵԿ-ը ծանուցումներ էր ուղարկել հազարավոր մարդկանց, ովքեր արտագնա աշխատանքով են պահում իրենց ընտանիքները, եւ ուզում էր պարտավորեցնել, որ հարկեր վճարեն ոչ միայն արտագնա աշխատանքի երկրում, այլ նաեւ այստեղ՝ Հայաստանում։ Այս նախագիծը մեծ զայրույթի տեղիք տվեց, մարդիկ դուրս եկան փողոց, միջպետական ճանապարհներ փակեցին՝ հայտարարելով, որ դեմ են այդ որոշմանը եւ չեն պատրաստվում կրկնակի հարկվել ու վճարել մի պետության, որն իրենց բարեկեցության համար ոչինչ չի անում։ ՊԵԿ-ն իր այս պահանջը հիմնավորել էր նրանով, որ արտագնա աշխատանքի մեկնողները Ռուսաստանում իրենց աշխատած գումարներից հարկվում են ավելի պակաս չափով, քան նախատեսված է ՀՀ հարկային օրենսդրությամբ, ուստի Հայաստանում պետք է կրկին հարկվեն՝ վճարելով այն 12% տարբերությունը, որն առկա է ՌԴ եւ ՀՀ օրենսդրությունների միջեւ։ ՀՀ հարկային օրենսդրությամբ՝ քաղաքացին պետք է ստացված եկամուտների 20%-ը վճարի պետությանը` որպես շահութահարկ, իսկ արտագնա աշխատանքի մեկնողները Ռուսաստանում հարկվում են 8%-ով, ուստի իրենց եկամտից պետք է վճարեն եւս 12%:
Այն ժամանակ իշխանությունները հասկացան, որ արտագնա աշխատանքի մեկնողների զայրույթը մեծ է եւ կարող է իրենց համար լուրջ պրոբլեմներ ստեղծել՝ մարզերը դուրս կգան վերահսկելիությունից, ուստի ՊԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ։ «ՊԵԿ-ում մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների հարկման հետ կապված կարգավորումների մասով։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամտի ձեռքբերման երկրում: Նախագիծը մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի www.e-draft.am կայքում: ՊԵԿ-ը, մինչեւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ եւ այլն»,- նշել էին այն ժամանակ։ Սակայն նոր նախագիծն այդպես էլ հանրային քննարկման չներկայացվեց։
Այսօր իշխանությունները, հավանաբար, որոշել են կատարել ՊԵԿ-ի խոստումը՝ այն ներկայացնելով մեկ այլ լույսի ներքո։ Հիմա այլեւս չեն ասում, որ հարկվելու են արտագնա աշխատողները, այն էլ՝ կրկնակի, այլ ասում են, որ եթե քաղաքացին գումար ուղարկի իր ընտանիքին, ստացող անձը պետք է հայտարարագիր ներկայացնի, թե որտեղից են այդ գումարները, եւ հարկվի արդեն 20%-ով։ Ստացվում է, որ արտագնա աշխատանքի մեկնած կհարկվի Ռուսաստանում 8%-ով, իսկ նրա հարազատը, որը կստանա ուղարկված գումարները՝ ամբողջ 20 %-ով:
Արդյունքում, արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները պետք է իմանան եւ պատրաստվեն, որ իրենց աշխատած գումարից 28% հարկ են վճարելու․ 8%՝ ՌԴ-ում, 20%՝ ՀՀ-ում։ Իհարկե, արտագնա աշխատանքի մեկնած անձը կարող է գումար չուղարկել իր ընտանիքին՝ իր աշխատանքի 6 կամ 7 ամիսների ընթացքում, մինչեւ կգա տուն՝ Հայաստան, ողջ գումարն իր հետ բերելով՝ քարտով, քանի որ չեն թույլատրի մեծ գումար առձեռն բերել, բայց այստեղ էլ կանխիկացնելու համար տվյալ բանկին տոկոսներ կվճարի, որի տոկոսներն այդքան էլ քիչ չեն, եւ կրկին կհայտնվի իշխանությունների տեսադաշտում։
Հիշեցնենք, որ այս իշխանությունները 2018-ի նոյեմբերի 2-ին Աստանայում կնքել են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը վավերացվել է 2020թ. փետրվարի 12-ին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց գրեթե երկու տարի հետո։ Հետագայում Պետեկամուտների կոմիտեն ինքն էլ խոստովանել է, որ արտագնա աշխատանքի մեկնածներին հարկում են այդ արձանագրության շրջանակներում։ Այս արձանագրության շրջանակում է, որ հարկային մարմինը ստանում է տեղեկատվություն` ԱՊՀ անդամ պետություններում ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասին։