ՀԱՄԱՃԱՐԱԿ Է ՏԱՐԱԾՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ «նորակոչիկների» ծնողներին և հարազատներին հորդորում է որոշակի ժամանակահատվածում չայցելել զորամասեր: Ըստ հաղորդագրության՝ զորամասերի փակումը հնարավորություն կտա հրամանատարությանը և բուժանձնակազմին զինծառայողների առողջության պահպանման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
Այնուհետև Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ նորակոչիկների շրջանում բացատրական աշխատանքի անհրաժեշտություն կա՝ կապված անձնական հիգիենայի և ճիշտ սնվելու կանոնների ուսուցման հետ, որպեսզի կանխվի հիվանդությունների տարածումը: Նախարարությունը ծնողների խնդրում է խնայողաբար վերաբերվել զինծառայողների առողջությանը, ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին և ձեռնպահ մնալ զորամասեր այցելությունից՝ հատկապես զինվորական երդման հանդիսավոր արարողություններին: Ադրբեջանական հասանելի լրատվամիջոցներից ոչ մեկն այս առթիվ հավելյան տեղեկություն չի փոխանցել։ Ադրբեջանում ոչ միայն բանակին, այլև այն տարածքներին, որտեղ զորամասեր են տեղաբաշխված, վերաբերող բոլոր տեղեկությունները նախագահի հրամանագրով համարվում են պետական գաղտնիք, այդ շրջաններում լրագրողների աշխատանքի հատուկ կարգ է սահմանված, զինվորականներին խստիվ արգելված է ունենալ և օգտագործել տեսանկարահանող սարքավորումներ և բջջային հեռախոսներ։