Միակ իրավասու մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է քննի և անաչառ գնահատական տա դեպքերի վերաբերյալ․ ՆԳ նախարարը՝ ոստիկանի և քննիչների մասնակցությամբ դեպքերի մասին
- 58 minutes ago
- 2 min read

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նպատակահարմար և իրավաչափ չի համարում այս պահին որևէ գնահատական կամ կարծիք հայտնել քննիչների և ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ երկու դեպքերի առնչությամբ անաչառ գնահատական պետք է տա Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արփինե Սարգսյանն ասել է «Լուրեր»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով վերջին շրջանում քննիչների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։
«Ես առհասարակ նախապատվություն չեմ տալիս հրապարակային բանավեճին որևէ պետական մարմնի հետ։ Պիտի փաստեմ, որ սա առաջին հերթին վնասում է իրավապահ համակարգի հեղինակությանը, և, հետևապես, մշտապես առաջնահերթությունը տվել եմ, տալիս եմ և տալու եմ պետական շահին»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ խոսքը երկու տարբեր դրվագների մասին է։ Առաջինը վերաբերում է առերևույթ խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքին, որի մասնակիցների թվում եղել են քննիչներ, ոստիկան և այլ քաղաքացիներ։
«Ես ինքս եմ հաղորդում ուղարկել այս դեպքով»,- նշել է Սարգսյանը։
Նախարարը հայտնել է, որ երկրորդ դրվագը վերաբերում է առաջին դեպքով անցնող ոստիկանի՝ Քննչական կոմիտեում առերևույթ խոշտանգման դեպքին, որի վերաբերյալ ևս հաղորդում է ներկայացվել։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը իրավական պետություն է՝ այս երկու դեպքերը քննող միակ իրավասու մարմինը Հակակոռուպցիոն կոմիտեն է։ Այն պետք է քննի և տա անաչառ գնահատականներ դեպքերի մասով, որովհետև որևէ այլ մեկնաբանություն կդիտարկվի որպես միակողմանի գնահատական թեմայի առնչությամբ»,- ասել է ՆԳ նախարարը։
Նա նշել է, որ երկու գործերի վերաբերյալ սպասելու է Հակակոռուպցիոն կոմիտեի անաչառ հանգուցալուծմանը և գնահատականների հանրայնացմանը։
«Ինչ վերաբերում է մեր ծառայողին, ես միայն ուզում եմ շեշտել և բավարարվել այս պատասխանով, որ Ներքին գործերի նախարարությունը պաշտպանելու է յուրաքանչյուր ոստիկանի օրինական շահերն ու արժանապատվությունը նույն հետևողականությամբ, ինչ պատասխանատվության է ենթարկում օրենքը խախտած յուրաքանչյուր ոստիկանի»,- ընդգծել է Սարգսյանը։
Նախարարը նաև բացառել է միջադեպերի հնարավոր բացասական ազդեցությունը ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի աշխատանքների վրա։
«Ես բացառում եմ որևէ ազդեցությունը, որովհետև յուրաքանչյուր մարմին ունի իր գործառույթները և իր պրոցեսները պիտի տանի՝ ըստ օրենքով իրեն վերապահված գործառույթների»,- ասել է նա։
Սարգսյանի խոսքով՝ երկու դրվագներն իրավական ընթացակարգերով կքննվեն, և դրանց արդյունքներով անհրաժեշտության դեպքում համապատասխան հայտարարություններ կարվեն։
«Ես նպատակահարմար և նաև իրավաչափ չեմ համարում այս պահի դրությամբ երկու դեպքի մասով էլ որևէ գնահատական կամ նույնիսկ կարծիք հնչեցնել, որովհետև իրավասու մարմին չեմ հանդիսանում այս դեպքում»,- հավելել է ՆԳ նախարարը։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե Քննչական կոմիտեում հարցաքննության ժամանակ քննիչները խոշտանգել են Ոստիկանության ծառայողի։ Քննչական կոմիտեն հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ Ոստիկանության այդ ծառայողը անցնում է քրեական վարույթով և մեղադրվում է իր ազգակիցների հետ երկու քննիչների ծեծելու մեջ։ Օգոստոսի 23-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ երկու քննիչներին ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանն ու ևս մեկ մեղադրյալ երկու ամիս ժամկետով կալանավորվել են։




















