Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
- 14 hours ago
- 1 min read

Դատական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ դատարանը Վճռաբեկ դատարան է դիմել Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան։
Հիշյալ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը, նախքան նախնական դատալսումներ նշանակելը, իրավունք ունի որոշմամբ վիճարկել դրա ընդդատությունը։ Նման պարագայում վարույթի ընդդատության խնդիրը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ։
Երևանի քրեական դատարանը քրեական գործը Արմավիրի մարզի դատարանից ստացել էր ընդդատության կարգով սեպտեմբերի 1-ին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ռուշանյանի օգոստոսի 28-ի որոշմամբ։ Վերջինս վարույթը ստանձնել էր օգոստոսի 14-ին։
Դրանից առաջ գործը փոխանցվել էր նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Հ. Մանուկյանին։ Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր քրեական գործով ինքնաբացարկ հայտնել։




















