«Հրապարակ». Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը կապում են Փաշինյանի ծննդյան օրվա հետ
- Ani
- 2 days ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի անակնկալ հեռացման մասին երեկ բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում։ Շատերի համար շոկային էր՝ ինչո՞ւ է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին, որին նախկինում Արգամիչի Արամ էին ասում, իսկ իշխանափոխությունից հետո՝ «Նիկոլի Արամ»՝ Փաշինյանին հավատարմության համար։ Չնայած ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարար դառնալու օրվանից ցանկություն է ունեցել ազատվել համակարգի երկարամյա պաշտոնյայից, սակայն Փաշինյանի հովանավորության շնորհիվ Հովհաննիսյանը մնացել է` չխորշելով անգամ Եռաբլուրում որդեկորույս մայրերին քարշ տալու հրահանգից։
Ըստ համակարգի աղբյուրների, նրան ազատելու հիմքեր վաղուց կային և շատ էին: Մեկն իր որդին էր: Դեռ մի քանի տարի առաջ նա իր տնտեսագետ ավագ որդուն՝ Կառլենին, Մասիսի ՄՌՈՒ-ի պետ էր դարձրել` առանց մասնագիտական կրթության: Հետո մամուլը գրեց, որ նա փողով վարորդական վկայականներ է տալիս, և քրեական վարույթ է հարուցվել: Բայց իշխանական շրջանակներում այս պաշտոնանկությունը կապում են Փաշինյանի ծննդյան օրվա հետ: Իբրև թե ոստիկանապետը հունիսի 1-ին պատշաճ չի կազմակերպել միջպետական մայրուղու Սևանի ճանապարհը «փակելու» գործը:
Հիշեցնենք, որ Փաշինյանի 50-ամյակը նշել են Սևանի կառավարական ամառանոցում: Ասում են, թե շատ է ջանք դրել` շուտ է փակել ճանապարհը, և երբ Փաշինյանն անցել է կորտեժով, սպասող վարորդները տևական ազդանշաններով «ողջունել» են նրան։ Բացի այդ, ողջ Երևանը ողողված էր «Շնորհավոր, քեռի Նիկոլ» և «Չենք վստահում» մակագրությամբ պաստառներով: Մեզ պատմեցին, որ Արամ Հովհաննիսյանը, որը Փաշինյանի տարեդարձի հյուրերից է եղել, առաջիններից է հեռացել, հավանաբար, Փաշինյանը հենց այնտեղ է ասել` դիմումդ գրի։ Նրան կփոխարինի Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանը»։