Չինաստանում փորձարկվում է ծերացումը դանդաղեցնող նոր դեղամիջոց. Cell
- Ani
- 7 hours ago
- 1 min read

Չինաստանից մի խումբ հետազոտողներ հաջողությամբ փորձարկել են փորձարարական ներարկում, որը կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:
Ստեղծված դեղամիջոցն ակտիվացնում է իմունային համակարգը՝ այն ուղղորդելով դեպի ծերացող բջիջների ոչնչացումը։ Ծերացող են կոչվում այն բջիջները, որոնք կորցրել են բաժանվելու ունակությունը, բայց շարունակում են պահպանվել կամ կուտակվել հյուսվածքներում՝ խախտելով դրանց աշխատանքը։ Ծերացման նշանների նկատմամբ կայուն գենետիկորեն ձևափոխված ցողունային բջիջների ներարկումը թույլ է տվել հասնել արտահայտված երիտասրդացնող ազդեցության։
Հետազոտության հեղինակների տվյալներով՝ 12-շաբաթյա թեստերի ընթացքում նկատվել է ուղեղի, հիշողության, մկանային հյուսվածքի, վերարտադրողական ֆունկցիայի և մի շարք ներքին օրգանների վիճակի բարելավում։ Նկատվել է նաև արտաքին հակատարիքային ազդեցություն․ փորձարկվողների մաշկն ու մազերը վերականգնման նշաններ են ցույց տվել։ Գիտնականներն այս ազդեցությունը գնահատում են որպես մոտ յոթ տարվա «երիտասարդացման» համարժեք։
Հետազոտողները շեշտում են, որ աշխատանքը գտնվում է վաղ փուլում և մոտեցման արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատելու համար անհրաժեշտ են ավելի լայնածավալ կլինիկական փորձարկումներ: