top of page

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները քվեարկություն են նախաձեռնել գործադուլին աջակցելու վերաբերյալ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները Քաջարանում փակ քվեարկություն են նախաձեռնել՝ ի պատասխան կոմբինատի տնօրինության և արհմիության կողմից գործադուլը «անօրինական գործողություններ» որակելու դիրքորոշմանը, հայտնում է «Ազատություն»-ը։

Արդեն երրորդ օրն է՝ կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով:

Քաղաքի կենտրոնում և կոմբինատի տարածքում քվեատուփեր են տեղադրվել, որտեղ աշխատակիցները կարող են անանուն քվեարկել՝ աջակցո՞ւմ են գործադուլի պահանջին, թե՞ ոչ։

Կոմբինատն ու արհմիությունը երեկ համատեղ հայտարարություն էին տարածել, պնդելով, թե աշխատողների պահանջն անիրատեսական է, իսկ գործադուլը՝ ոչ իրավաչափ: Հայտարարությունում նաև նշված է, որ «աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության աշխատանքը խաթարվել է, ընկերությունն ու մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս»:

«Սա արժանապատվության և սոցիալական արդարության համար պայքար է»,- այսօր «Ազատությանն» ասել էր աշխատակիցներից Վահե Մխիթարյանը:

Երեկ գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ հանդիպել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ու լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների հանրապետաական միության նախագահ Էդվարդ Փահլևանյանը: Վերջինս ասել էր, որ իրենք փորձում են օրինական ճանապարհով տանել կոմբինատի աշխատակիցների պահանջը, որ այս գործընթացում ոչ մի աշխատակից չտուժի:


bottom of page