«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆՄԱՆ ԲԱՆԱՎԵՃ ԿԱՐՈՂ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ 2018-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, ԱՌՆՎԱԶՆ` 2022-Ի ԵՒ 2023-Ի ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Մարտիրոսյանը:
- Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին` Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին եւ Սարգսյանին, հրավիրեց հրապարակային բանավեճի` Արցախի հակամարտության թեմայով, սակայն երեք նախագահներն էլ մերժեցին Փաշինյանին` գրեթե միանման ձեւակերպումներ տալով: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ թեմայի շուրջ կարող էին Հայաստանի 4 ղեկավարները բանավիճել: Արդյո՞ք ճիշտ վարվեցին նախկին նախագահները` մերժելով առաջարկը:
- Երեք նախագահները ճիշտ վարվեցին, չկա բանավեճի առարկա, ուստի չի կարող լինել բանավեճ: Ինչո՞ւ է վարչապետը բանավեճ նախաձեռնել․ այս հարցին դժվար է պատասխանել, հատկապես այն դեպքում, երբ Արցախի կործանումից բավականին երկար ժամանակ է անցել: Նման բանավեճ կարող էր տեղի ունենալ 2018, 2019, 2020, 2021 թվականներին, 2022-ի եւ 2023-ի միջակայքում, բայց հիմա նման բանավեճի իմաստ չկա: Փաստ է, որ չկա բանավեճի առարկա: Ի դեպ, բանավեճը 1994 թվականից մինչեւ մեր օրերը տեղի ունեցած բանակցությունների մասին է: Իսկ ինչո՞ւ 1994-ից սկսած, այլ ոչ թե 1992-ից: Բանակցությունները սկսվել են 1992 թվականին, երբ ստեղծվել է Մինսկի խումբը: Բայց նույնիսկ ավելի հետ կարող ենք գնալ եւ ասել, որ դեռ 1988-ից է հայ ժողովուրդը բանակցել Արցախի համար, բայց այս տրամաբանությամբ կարող են ասել, որ 1988-ին ոչ թե Արցախն ազատագրելու, այլ հանձնելու մասին են եղել բանակցությունները, նույնիսկ կարող են ասել, որ 1921 թվականից են Արցախը սկսել հանձնել ու այդպես շարունակել: Այսինքն` բանավեճի առարկան կարելի է աբսուրդի ժանրի հասցնել եւ ջուրծեծոցի խաղալ, բայց փաստը մնում է փաստ, որ Արցախը կործանվել է, իսկ այդ ամենի մեղավորը խիստ ակնհայտ է:
- Բայց Փաշինյանի լեզուն, այսպես ասած, ավելի է երկարում․ ստանալով մերժումներ՝ նա հայտարարել է, որ եթե չեք ընդունում իմ առաջարկը, գնացեք թոշակի, մի խառնվեք նման հարցերի մեջ:
- Բայց Արցախի հարցն իր թեթեւ ձեռքով փակվել է, էլ ի՞նչ խառնվելու մասին է խոսքը: Այստեղ խնդիրն Արցախի հարց քննարկելու մեջ չէ, այստեղ կան այլ դրդապատճառներ, որոնց մասին հստակ տեղեկություն չունեմ, չեմ էլ ուզում իմանալ: Չեմ կարծում, թե նախկին նախագահները թաքցնելու բան ունեն, պարզապես նրանք էլ պետք է մշտապես ասելիք ունենան թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի մասին: Այստեղ չի կարող լինել երկրորդ կարծիք: Ուղղակի հարցն այն է, թե նրանք ունե՞ն նման ցանկություն: Առհասարակ, մեր հասարակությունը պետք է նման կարեւոր հարցերի վերաբերյալ ունենա կարծիք: Հայաստանի առջեւ ծառացած բազում կարեւորագույն հարցեր կան:
- Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին է արդեն խոսվում: Ադրբեջանի կողմից կա պահանջ, որ 300 հազար ազերի բնակեցվի Հայաստանում: Հայաստանը կարող է միջազգային ատյաններից հետ վերցնել Բաքվի դեմ բոլոր հայցերը եւ հետայսու որեւէ հայց չներկայացնել Բաքվի բռնապետական, ավտորիտար, արնախում ռեժիմի դեմ: Դա արվում է Ալիեւի հետ իբրեւ թե խաղաղություն հաստատելու համար: Ի՞նչ հետեւություններ եք անում՝ լսելով այս ամենի մասին:
- Նույն գործընթացի տարբեր շղթաների մասին է խոսքը, խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության, եթե չասենք՝ տապալման, ապա գոնե խիստ թուլացման եւ դիվանագիտության լուրջ բացթողումների մասին է: Այն կետին ենք հասել, որ Ադրբեջանը Հայաստանին սահմանադրական փոփոխություններ ու 300 հազար ադրբեջանցու Հայաստանում բնակեցնելու պահանջ է ներկայացնում: Սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ ձախողումների է ենթարկվել: Ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը ձախողվել մի երկրում, որը խիստ կախված է իր արտաքին քաղաքականությունից։ Սա է հարցը: Հայաստանը պետք է դաշնակիցներ ձեռք բերեր, եղած դաշնակիցների հետ հարաբերություններն ամրապնդեր, տարբեր արտաքին քաղաքական հարցեր լուծեր, սակայն այսօր մեծ խնդիրների առաջ է կանգնած:
- Նաեւ հայ ռազմագերիներին Հայաստանը չի պահանջում Բաքվից:
- Սա էլ նույն խնդրի շարունակությունն է: Գերիների հարցը եւս արտաքին քաղաքականության եւ ձախողված դիվանագիտության արդյունքն է: Չես կարող արտաքին հարաբերություններում այսքան թույլ լինել կամ ընդհանրապես չլինել եւ խնդիրներ լուծել: Եթե դու նախընտրում ես արտաքին քաղաքականություն չունենալ, ապա ոչ մի հարցում հաջողություն չես ունենալու: Ինչպես միշտ, պետք է մատնանշենք Իսրայելը, որը մեզ համար պետք է օրինակ լիներ: Այն բավականին փոքր երկիր է, շրջապատված թշնամիներով, կարողանում է իր դիվանագիտական հարաբերություններով ու ռազմական ուժով իր առջեւ ծառացած բոլոր հարցերը լուծել` արդյունավետորեն: Մենք Իսրայելից շատ բան ունենք սովորելու:
- Բայց օրվա իշխանություններն Արեւմուտքի հետ ջերմ հարաբերություններ ունեն, երբեմն պարծենում են Ֆրանսիայի հետ հարաբերություններով, Էրդողանի հետ է Փաշինյանը հանդիպում, ջերմ ու սիրառատ լուսանկարներ հրապարակում… ինչո՞ւ այս ամենը հօգուտ Հայաստանի չի օգտագործվում:
- Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Եթե երկրիդ ներսում թույլ ես, եթե քեզնից ոչինչ չես ներկայացնում, ապա արտաքին ոլորտում քեզ ոչ մեկը լուրջ չի ընդունելու, եւ դու ոչնչի չես հասնելու: Ինչ վերաբերում է Արեւմուտքի հետ հարաբերություններին, ապա ես չունեմ նման տպավորություն, որովհետեւ այն որեւէ կերպ չի արտահայտվում` ո՛չ օգնության առումով, ո՛չ էլ տնտեսական հարաբերությունների ու ներդրումների: Իհարկե, այն քայլերը, որ արվում են տարբեր պետությունների հետ հարաբերություններ հաստատելու համար, ողջունելի են, սակայն արդյունքներ չկան, ուստի չենք կարող ասել, որ Հայաստանն Արեւմուտքի կամ Արեւելքի հետ լավ հարաբերություններ ունի:
- Խաղաղության պայմանագրի մասին է նորից խոսվում: Ի՞նչ եք կարծում` այն վերջապես ստորագրվելո՞ւ է, թե՞ սա Ալիեւի հերթական շանտաժի միջոցն է՝ Հայաստանից տարածքներ կորզելու եւ Հայաստանի պետականությունը ոչնչացնելու համար:
- Եթե Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկություն ունենային Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, ապա դա կանեին վաղուց: Գոնե վերջին մեկ տարվա մեջ չի եղել որեւէ խանգարող հանգամանք: Մնացածն անիմաստ խոսակցություններ են:
- Ադրբեջանը Հայաստանից հստակ պահանջներ ունի, որոնք պարբերաբար ավելանում են, դրանց հաշիվն արդեն կորցրել ենք:
- Դրանք անիրագործելի պայմաններ են, որոնց նպատակը պայմանագիր չկնքելն է, պրոցեսի վիժեցումը, որպեսզի Հայաստանը շարունակաբար զիջումների գնա: Մենք՝ որպես պետություն, որպես հասարակություն, պետք է լրջանանք եւ ուժեղ լինենք, պետք է արտաքին քաղաքականություն ունենալ, այն մեզ պետք է գալու միշտ, բայց դրա գրավականն ուժեղ պետություն ունենալն է: