top of page

ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՎԱՏ ՕՐԻՆԱԿ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 17, 2024
  • 2 min read
ree

Փաշինյանը Մոսկվա իր վերջին այցելության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության եկավ Իրան-Հայաստան սահմանային անցակետից ռուս սահմանապահներին հեռացնելու, նրանց փոխարեն ՀՀ ԱԱԾ սահմանապահներ տեղակայելու, իսկ Թուրքիա- Հայաստան սահմանագծին` ռուս սահմանապահների հետ միասին ՀՀ ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանումների համատեղ ծառայություն իրականացնելու մասին։ Ավելի վաղ` օգոստոսին էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցագրային կետից հեռացվեցին ռուս զինվորականները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Փաշինյանը որոշել է չերկարացնել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում։ Այսինքն, իբրեւ թե հայելային լուծում է գտել` հանում է եւ ռուսներին, եւ եւրոպացիներին: 



Այս տեղեկատվությունը ճշտելու համար նախ փորձեցինք կապ հաստատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անդամ դիտորդների հետ, ինչպես նաև հարցում ուղարկեցինք ԵՄ դիտորդական առաքելության խոսնակ Աննա Պալմենին։ Հետաքրքրվել էինք` մինչև երբ են Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու և արդյոք իրենց ներկայությունը երկարացնելու հետ կապված որևէ բանավոր քննարկում, համաձայնություն կամ փաստաթուղթ կա արդեն։ Ի դեպ՝ 2025 թվականի փետրվարին կլրանա ԵՄ դիտորդական առաքելության երկու տարին Հայաստանում։ Ենթադրվում է, որ մինչ այդ պետք է հստակեցվի` առաքելությունը հեռանո՞ւմ է Հայաստանից, թե նրա գործունեության ժամկետը երկարաձգվում է:


Սակայն եվրոպական դեմոկրատիայի կանոններին խիստ «հավատարիմ» դիտորդները որեւէ կերպ չարձագանքեց մեր նամակին։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ եւս դիտորդական առաքելությունը չէր պատասխանել մեր հարցադրումներին` անգամ զարմանք էին հայտնել, թե ինչու ենք իրենց հետ կապվել, իրենց անհանգստացրել։ Իսկ մենք ընդամենը փորձել էինք տեղեկանալ, թե որքանով են իրականությանը համապատասխանում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները` հայկական կողմից հրադադարը խախտելու, կրակոցներ արձակելու մասին եւ ինչու չեն հերքում կամ հաստատում ադրբեջանական կողմի հայտարարությունները։ 


Չէինք պատկերացնում, որ քաղաքացիական առաքելություն իրականացնող, մեր իսկ վճարած հարկերից վարձատրվող, ժողովրդավար Եվրոպայից Հայաստան ժամանած դիտորդները նման անհանդուրժողականություն կդրսեւորեն մամուլի հանդեպ եւ այսքան ոչ թափանցիկ կգործեն:

Այդ պարագայում ինչ սպասենք ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից, կամ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանից, որոնք երեւի հետեւում են արեւմտյան «ավանդույթներին» եւ չեն պատասխանում լրագրողների զանգերին: Մեր հարցերին պատասխանեց միայն վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը, նա էլ ասաց, որ հարցը ԱԳՆ-ի տիրույթում է։ 



bottom of page